Գիտելիքի և դպրության օրվա առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաք բոլոր վարչական շրջանների դպրոցներում:
Ուսումնական տարվա մեկնարկն ու առաջին դասարանցիների մուտքն ազդարարարող բացօթյա տոնական միջոցառումների ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Իրավաբան․net-ին Երևանի քաղաքապետարանից հայտնի է դառնում, որ դպրոցների աշակերտների պարային և երաժշտական համարներով հագեցած ծրագրերը եզրափակվել են սպասված առաջին զանգով, որն ազդարարել է 2016-2017 ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն առաջինցիների, այլև բոլոր դպրոցականների համար:
Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների մի շարք առաջին դասարանցիներ, ավանդույթի համաձայն, օրը շարունակել են հետաքրքիր անակնկալով: Երեխաներն իրենց ծնողների հետ հնարավորություն են ունեցել «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսներով շրջելու և ծանոթանալու մայրաքաղաքի տեսարժան ու պատմամշակութային վայրերին:
Շեղվելով սահմանված երթուղուց՝ վերջնականգառն այս անգամ Մանկական երկաթուղու զբոսայգում էր, որտեղ առաջինցիները մասնակից դարձան տոնական ուրախ միջոցառման: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների և մարզական կրթօջախների սաներ, տաղանդաշատ փոքրիկ կատարողներ:
Դպրոցականների տոնը լիարժեք դարձնելու նպատակով, կազմակերպիչների նախաձեռնությամբ, զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոնների անվճար են եղել: