Քաղաքապետարանը սահմանափակում է նախկին տնօրենների աշխատանքի իրավունքը. այս մասին գրում է Երևանի ավագանու անդամ անահիտ Բախշյանը՝ Տարոն Մարգարյանին ուղղված իր բաց նամակում.
«Այս երևույթը հասկանալի կլիներ, եթե տարածվեր միայն այն դպրոցների նախկին տնօրենների վրա, որտեղ տնօրեն մայրերն անցան թոշակի ու դուստրերը ընտրվեցին տնօրեններ (օրինակ՝ Պուշկին, Նիկոլ Աղբալյան, թ.89, թ.121), չնայած՝ 65-ը լրացած նախկին տնօրենին որևէ մեկն աշխատելու իրավունքից չի կարող զրկել: Ուղղակի երևույթը տգեղ է ու հասարակության մեջ շատ խոսակցությունների առիթ տվեց, որը կարելի էր կանխել մեկ քայլով՝ ի սկզբանե դպրոցի տնօրենի ընտրության կարգով սահմանափակվեր նրա զավակի՝ մրցույթին մասնակցելու իրավունքն, ու սրանով կկանխվեին բոլոր այն տգեղ խոսակցությունները, որոնք ծավալվում են այդ ընթացքում:
Ինչևէ, տնօրենի ընտրության կարգը չի արգելել մայր-դուստր՝ տնօրեն-փոխտնօրեն տեղափոխություններն ու քաղաքապետարանը դպրոցներում մայրերի իշխանությունից ազատվելու ձև է գտել՝ որոշ նախկին տնօրենների, ովքեր աշխատում են փոխտնօրեններ, առաջարկելով գրել ազատվելու մասին դիմումներ, որն էլ մեծ դժգոհությամբ արել են այդ նախկին տնօրենները:
Քաղաքապետին դիմել եմ հարցումով, թե ինչ իրավական հիմքով եք նման առաջարկ արել, ինչո՞ւ գործող տնօրենի հետ ազգակցական ոչ մի կապ չունեցող փոխտնօրենը, ով կրթություն կազմակերպելու կուտակած մեծ փորձ ունի, հիշողությունը չի կորցրել և միակ թերությունն այն է, որ նախկինում տնօրեն է եղել, Ձեր առաջարկով աշխատանքից ազատվելու դիմում պիտի գրի:
Պարզվում է, որ ազատված փոխտնօրենների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսված է ազատման սույն հիմքը՝ 65 տարին լրանալու դեպքում գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը:
Հարց է ծագում, այդ մարդիկ ստորագրելուց առաջ չեն կարդացե՞լ իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերն այն դեպքում, երբ որպես փոխտնօրեններ՝ նախկին տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերը կնքել են 65-ը լրանալուց հետո: Ինչո՞ւ այդ ժամանակ այս մասին չեն բարձրաձայնել:
Ստացվում է, որ որոշ նախկին տնօրեններ, ովքեր նման կետ պարունակող աշխատանքային պայմանագրերով ստանձնել են փոխտնօրենի պաշտոնը, նախապես պետք է համակերպված լինեին Ձեր որոշումով պաշտոնից ազատվելու փաստի հետ, բայց իրավացիորեն չեն համակերպվում, չեն կարող համակերպվել, որովհետև նրանցից շատերը լի են էներգիայով, կուտակած մեծ փորձ ունեն ու նրանց աշխատանքից զրկելը նշանակում է դժբախտացնել նրանց, ստիպել անպիտան զգալ, որի իրավունքը չունի ո՛չ մի պաշտոնյա:
Որպես արդեն 69-ամյա նախկին տնօրեն՝ ուղղակի խնդրում եմ, հանգիստ թողեք նախկին տնօրեններին, նրանցից շատերը ավելի լավ օրերի են արժանի»: