«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամներից յոթը պլանային վիրահատությունների կարիք ունեն, նրանցից մի մասի առողջական վիճակը պահանջում է բժշկի մշտական վերահսկողության տակ լինել, նույնիսկ գտնվել վերակենդանացման բաժանմունքում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով պաշտպանում է այժմ կալանքի տակ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից չորսի` Պավլիկ Մանուկյանի, Արամ Մանուկյան, Արմեն Լամբարյանի և Մխիթար Ավետիսյանի շահերը:
Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ այսօր է այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և տեղեկացել է, որ 7 անձանց համար «Էրեբունի» ԲԿ-ի կողմից սահմանված 24 -ամյա բժշկական հերթապահությունը դադարեցվել է. «Դա շատ մտահոգիչ է, և շատ հուզեց: Բուժակների 24 ժամյա հերթապահությունը, որը միակ հույսն էր, այսօրվանից դադարեցվել է: Լուրջ խնդիր ունենք բժշկական օգնության հարցում»:
Փաստաբանը նշեց նաև, որ իր չորս պաշտպանյալների դեպքում ընտրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ բողոք է ներկայացնելու նաև վճռաբեկ դատարան: Ստորադաս ատյանների դատական ակտերի համաձայն հիշյալ անձիք պետք է կալանքի տակ մնան, քանի որ վտանգ կա, որ կարող են խոչընդոտել գործի քննությանը
: Մինչդեռ, փաստաբանը նշեց, որ Պավել Մանուկյանը ունի երկու ազդրի բազմաբեկորային վնասվածք, նա դեռ նույնիսկ ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունի: