Թեև հանցավորության պատճառները շատ են, որոնց մեծ մասը հոգեբանական բնույթ են կրում և պայմանավորված են յուրաքանչյուր անձի հոգեբանական առանձնահատկություններով, բայց և այնպես այս հարցում մեծ դեր ունեն նաև իրավական պատճառները:
Թվարկենք իրավունքի ոլորտում հանցածին նշանակություն ունեցող երևույթները:
«Նախ և առաջ պետք է նշել սոցիալապես չհիմնավորված օրենսդրությունը, որը հաշվի չի առնում տվյալ հասարակության պահանջմունքները»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` նման օրենսդրությունը հիմնականում շրջանցվում է: Հաջորդ պատճառը բնակչության իրավագիտակցության ցածր մակարդակն է, որը հաճախ նպաստում է իրավունքների ոտնահարմանը:
Պետք է նշել նաև, որ հնարավոր է նիհիլիստական(ժխտողական) վերաբերմունք իրավունքի նկատմամբ: Այս դեպքում իրավունքը և օրենքը արժեք չեն ներկայացնում, արհամարհված են, ոտնահարվում են և’ հասարակության անդամների, և’ պաշտոնյաների կողմից:
Որպես երրորդ պատճառ` պետք է նշել պատժողական քաղաքականության մեջ առկա բացթողումները: Օրինակ, ազատազրկում պատժատեսակի լայնածավալ կիրառումը զգալիորեն նպաստում է ռեցիդիվային հանցավորությանը:
Աղբյուրը` Իրավաբան.net