ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում որոշում է կայացրել, ըստ որի՝
«Համաձայն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը:
2. Սահմանել աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը՝ համաձայն Հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 876-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:»