ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգային Ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Լյովա Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում պետական ավարտական քննությունների արդյունքներից բողոքող ուսանողները տեղեկացրել են, որ իրենց կուրսի 400 ուսանողից մոտավորապես 150-ն անբավարար գնահատականներ է ստացել: Նախարարին դիմած ուսանողները, ներկայացնելով իրենց պահանջները, խնդրել են աջակցել պետական ավարտական քննության արդյունքները վերանայելու և կրկին քննություն նշանակվելու հարցում: Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, որով սահմանափակում է պետական ավարտական քննության վերահանձնումը, միաժամանակ մտահոգություն հայտնելով անբավարար գնահատականներ ստացած ուսանողների տոկոսային հարաբերության վերաբերյալ` ընդգծել է առաջիկայում խնդրի լուծման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Այս խնդիրը կարգավորելու նպատակով ուսանողներից շատերը դեռևս հուլիսին դիմել են “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը` ակնկալելով կուսակցության աջակցությունը:
Իրավաբան.net