ՀՀ Վճռաբեկ դատարանը ԵՄԴ/0747/02/14 քաղաքացիական գործով անդրադարձել է ամուսինների համատեղ գույքին, ինչպես նաև դրամական միջոցներին:
Վճռաբեկ դատարանի որոշման մեջ ասվում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է։
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը (տես, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոնե նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը)։
Վերը նշված հոդվածի իմաստով բացառություն է կազմում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրն ունեցել է մինչև ամուսնությունը, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը, անհատական օգտագործման առարկաները, ինչպես նաև սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքը (տես, Ռուզաննա Ծատուրյանն ընդդեմ Գևորգ Սաղումյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/2304/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը)։
Ամուսնության ընթացքում ձեռք բերված դրամական միջոցների՝ ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսանալու հարցին և այդ դրամական միջոցներն ամուսինների միջև բաժանելու առանձնահատկություններին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականին կայացրած որոշմամբ։ Մասնավորապես՝ այդ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով «գույքե հավաքական եզրույթը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանափակումներից բացի, այլ բացառություն չի նախատեսել, հետևաբար ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքային զանգվածի կազմում կարող են ներառվել նաև դրամական միջոցները։
Դրամը` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, ունի որոշակի առանձնահատկություններ։ Մասնավորապես՝ մի դեպքում դրամը կարող է հանդիսանալ քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն, մեկ այլ դեպքում` որպես այդ հարաբերությունների համարժեքային (էկվիվալենտային) օբյեկտ։
Ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքային զանգվածի կազմում դրամական միջոցները կարող են ներգրավվել ուղղակիորեն, օրինակ` որպես ամուսիններից մեկի աշխատավարձ, հոնորար, շահաբաժին կամ այլ եկամուտ, կամ անուղղակիորեն՝ որպես այդ գույքային զանգվածի կազմի մեջ մտնող մեկ այլ գույքի համարժեք, օրինակ` ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները։ Վերջինիս պարագայում, ըստ էության, տեղի է ունենում ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող մի գույքի փոխակերպում մեկ այլ գույքով։
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կարող է բաժանվել ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծվելուց հետո։ Յուրաքանչյուր դեպքում ամուսիններից որևէ մեկի կողմից ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման պահանջ ներկայացվելիս որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ պետք է հիմնավորվի բաժանման ենթակա գույքի առկայությունը, այսինքն` այն, որ բաժանման ենթակա գույքն օբյեկտիվ իրականությունում գոյություն ունի։ Ընդ որում, վերոնշյալ փաստի ապացուցման բեռը և դրանից բխող բացասական հետևանքները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի համաձայն, կրում է այդ փաստը վկայակոչող կողմը։ Յուրաքանչյուր կոնկրետ գործով վերոնշյալ փաստը պարզելիս դատարանները պետք է հաշվի առնեն նաև բաժանման ենթակա գույքի տեսակը և առանձնահատկությունները (տես, Սամվել Մելիքյանն ընդդեմ Առլեթ Ավաքյանի թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները բաժանելու պահանջ ներկայացված լինելու դեպքում դատարանը պետք է պարզի հետևյալ փաստական հանգամանքները.
1) ե՞րբ է օտարվել ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը (ամուսնության ընթացքում, թե՝ դրանից հետո),
2) ամուսիններից ու՞մ կողմից է օտարվել նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը,
3) ամուսիններից ո՞վ է ձեռք բերել նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները,
4) առկա են արդյո՞ք (գոյություն ունեն արդյո՞ք) ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները,
5) ի՞նչ չափով և ի՞նչ եղանակով են պահվում ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները (կանխիկ, թե՝ անկանխիկ)։
Իրավաբան.net