Հարկադիր կատարողը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:
Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է`
1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար.
2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.
3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման դեպքում հարկադիր կատարողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին գլխավոր հարկադիր կատարողը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:
Ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները և հրազենը` լիազորությունները գերազանցելով գործադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Աղբյուրը` Իրավաբան.net