«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել`տեղեկացնելով վերջին երեք նորությունների մասին` կապված Դավիթ Սանասարյանի գործի հետ: Հայտարարությունում նշվում է.
Խմբի սիրելի անդամներ, ձեզ երեք կարևոր նորություններ ենք ուզում հայտնել.
1. Տեղեկացանք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ այցելություն են իրականացրել «Նուբարաշեն», առանձնազրույցներ են ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի հետ:
Ներկայում Դավիթը ստանում է համապատասխան դեղորայքային բուժում: Մասնավորապես, արդեն իրականացվել են համապատասխան հետազոտություններ, նշանակված են լրացուցիչ մի շարք հետազոտություններ, քանի որ ունի նաև մեջքի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նշանակվել է անհրաժեշտությամբ պայմանավորված նեղ մասնագետի խորհրդատվություն:
2. Երկրորդ նորությունն այն է, որ այսօր Դավիթ Սանասարյանի գործն ամենայն մանրամասնությամբ`սկսած հուլիսի 18-ին ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց, հուլիսի 30-ին առևանգվելուց, ծեծի ենթարկվելուց, խոշտանգվելուց մինչ երեկ`9-ը օգոստոսի, տեղի ունեցող զարգացումները, ուղարկվեց 5 միջազգային կազմակերպությունն նախորդ չորսի փոխարեն, որոնք են` EEAS, US diplomacy, Amnesty International, People in Need և Freedom House:
Այս կազմակերպությունների արձագանքների և հետագա զարգացումների մասին ձեզ անպայմանորեն կտեղեկացնենք ընթացքում:
3. Երրորդը`մեզ այսօր Բրատիսլավայում գործող Գլոբալ Անվտանգության Ֆորումից հայտնեցին, որ Դավիթի գործը, իրենք էլ իրենց հերթին ուղարկել են իրենց հարյուրավոր գործընկեր կազմակերպությունների, և նաև պաշտոնական նամակ են ուղարկել Բրատիսլավայում ՀՀ դեսպանին` խնդրելով զբաղվել Դավիթի գործով: Նրանք նաև վերջին իրադարձությունների ու Դավիթի ապօրինի բանտարկության մասին ինֆորմացիա են հրապարակել իրենց պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: