Ինչո՞ւ անչափահասների հանցավորության ցուցանիշներով չենք կարողանում վերադառնալ խորհրդային շրջանի վիճակագրությանը. Գևորգ Դանիելյան

Մեր օրերի պարադոքսը: Ինչո՞ւ անչափահասների հանցավորության ցուցանիշներով չենք կարողանում վերադառնալ, նույնիսկ մոտենալ խորհրդային շրջանի վիճակագրությանը՝ այդ տարիներին գրանցվում էր ընդամենը 150-160 դեպք: Նման հարց է իր ֆեյսբուքյան հաշվում բարձրացնում Սահմանադրական իրավունքի մասնագտ Գևորգ Դանիելյանը և գրում.

«Իհարկե, մենք չենք կարող փաստացի վիճակն ու վիճակագրությունը համեմատել, օրինակ, Ռուսաստանի հետ, որտեղ այն տպավորությունն է, կարծես՝ անչափահասները պատերազմ են հայտարարել այդ երկրին՝ միայն Մոսկվայում գրանցված հանցագործությունների թիվը գերազանցում է «հայրենական» ցուցանիշին մոտ 51 անգամ (Հայաստանում 2015թ. գրանցված է 385 դեպք, իսկ Մոսկվայում, որտեղ բնակվում է 12,3 մլն մարդ՝ 94.595 դեպք), թերևս, միայն հեռավոր Չուկոտկան կարող է համեմատվել Հայաստանի հետ, որտեղ գրանցվել է միայն 457 դեպք:

Ի՞նչ է փոխվել մեր կյանքում, ինչո՞ւ ենք մեր ժամանակներում ականատես լինում դեպքերի, երբ դպրոցի բակում մի վեճի ընթացքում միաժամանակ դանակահարում են մի քանիսին, երբ նյութապես ապահովված տղաները հանկարծ որոշում են ավազակային հարձակում իրագործել ու հայտնվել բանտում, երբ հանցավոր ցուցամոլությամբ զահլա են տանում իրենց ծնողների ունեցվածքով, երբ ձեռք են բարձրացնում ոչ միայն մեծահասակների, այլև հենց ծնողների վրա, մի խոսքով, այդ զազրելի դեպքերին. ցավոք, ծանոթ է յուրաքանչյուրը:

Իմ մանկությունն անցկացրել եմ ամենաքրեածին թաղամասում, սովորել եմ Կռիլովի 17 դպրոցում՝ դա հենց Թոխմախի տխրահռչակ դպրոցն էր, որտեղ Աստծո օրը պետք է կռիվներ լինեին. կռվում էինք անխտիր բոլորի հետ՝ էլ սարիթաղցիների, գաջեգործների և այլն: Բայց կռվում բացառվում էր դանակի կամ որևէ սառը զենքի գործադրումը, իսկ հավաքվածները ոչ թե «թամաշա» անողներ էին, այլ հաշտեցնողներ, թեպետ՝ գիտեին, որ մի երկու հարված էլ իրենց կհասնի:

Դպրոցում ուսուցիչների կողմից ծեծին դեմ եմ միանշանակ, սակայն մեր դպրոցում դա սովորական էր, ընդ որում, բավարարվում էին «հայրական ապտակով»՝ բացառություն անելով բարձր դասարանցիներին, որովհետև ընդունված չէր սիրահարվածներից վատ վիճակի մեջ գցել: Դասարանում աշակերտներից ծխողների թիվը վատագույն դեպքում հասնում էր 2-3-ի: Մի խոսքով ամբողջ պարադոքսն այն էր, որ ակնհայտ անընդունելի բարքերն ուղեկցվում էին մի շարք բարի ավանդույթներով, որոնք էլ, հավանաբար, երաշխիք եղան, որպեսզի դպրոցից, թաղային հեղինակություններից զատ (իսկ դրանք այն ժամանակներում սոսկ լոկալ կիսահեղինակություններ էին), դուրս գան տաղանդավոր գիտնականներ, պետական գործիչներ ու ճանաչված ազատամարտիկներ: Այո, նաև Հանրապետության 1-ին Նախագահն է եղել այդ դպրոցի շրջանավարտը: Մեր օրերի համար հուսադրող է, որ վերը նշված «աղբը» վճռորոշ դերակատարում չունի, քանզի մենք ունենք հիրավի հրաշալի, հասուն երիտասարդություն…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել