Քիչ առաջ Իրավաբան․net-ը զրուցեց ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի հետ։
-Պարոն Ավետիսյան, այս պահին ի՞նչ իրավիճակ է ձեզ մոտ։
-Ներսում շատ ուրախ և ոգևորված վիճակ է։ Ժողովուրդը գալիս է այստեղ, մոտեցել է ոստիկանական արգելապատնեշներին, որոնք երկու կողմից են։ Ժողովրդի ձայնը լսում ենք և որպես պատասխան հրավառություն արեցինք, որ տեսնեն, այսինքն՝ ողջունեցինք նրանց։
-Հրապարակում է եղել, թե մինչև օրվա ավարտին բոլոր պատանդներին ազատ եք արձակելու, ճի՞շտ է։
-Նման ինֆորմացիա չունենք։ Այս առումով մենք բավականին կառուցողական բանակցում ենք և մեր կամքով բաց ենք թողնում։
-Իսկ ի՞նչ որ բան նախատեսվում է առաջիկա ժամերին։
-Մենք աչալուրջ վերահսկում ենք իրավիճակը, մենք որևէ բան չենք նախատեսում, միայն թե ոստիկանությունը չգրոհի։
-Իսկ պարոն Օսիպյանն ու պարոն Եղիազարյանն ինչպե՞ս են զգում իրենց։
-Նրանք գնացին քնելու։
-Այսինքն, քնելու պայմաններ էլ կան։
-Նույն պայմաններում են, ինչ մենք։
-Կար տեղեկություն, որ որոշակի լարվածություն է նկատվել։
-Ոստիկանությունը զրահատեխնիկա շարժեց, սակայն այդ շարժը դադարեց։ Հիմա մենք շատ ավելի աչալուրջ ենք։ Մենք ուզում ենք, որ ամեն ինչ խաղաղ ավարտվի։ Ոստիկանությունն է հայտարարում, թե կգրոհեն, կչեզոքացնեն։ Մենք ասում ենք, որ պաշտպանվելու ենք մինչև վերջ։
Իրավաբան․net