Լինում են դեպքեր, երբ դատավորները կայացնում են վճիռներ և դատավճիռներ, որոնք ակնհայտորեն անհիմն են: Նման վճիռները հիմնականում բեկանվում են, և գործն ուղարկվում է նոր քննության: Այս պրոցեսը կարող է տևել տարիներ:
Ի՞նչ է կատարվում. գործի նոր քննության ընթացքում հնարավոր է, որ կայացվի արդար վճիռ/դատավճիռ, սակայն էլ ու՞ր մնացին անձի իրավունքները, հատկապես այն դեպքում, երբ գործը քրեական է, իսկ մեղադրյալը գտնվում է կալանքի տակ:
Մի՞թե վերջինս պարտավոր է դատական սխալի համար տարիներ շարունակ գտնվել կալանավայրում:
ՀՀ քրեական օրենսգիրքը պարունակում է մի հոդված, որը սահմանում է` դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այստեղ միայն մեկ հարց կարող է առաջանալ. Իսկ ինչպե՞ս են որոշում դատական սխալը իրականացվել է շահադիտական կամ անձնական այլ դրդումներով, թե ոչ: Մնում է հուսալ, որ նշված հոդվածն առավել կհստակեցվի:
Աղբյուրը` Իրավաբան.net