ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով 2016 թվականի հունիսի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելուց հետո, անձնական խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն ընթերակաների ներկայությամբ հարցրել են՝ սեղանին դրված թմրամիջոցն իրենն է, թե՝ ոչ: Ստանալով բացասական պատասխան, ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներն ընթերականերին դուրս են հրավիրել, որից հետո սեղանին դրված թմրամիջոցը դրել են իր գրպանը, ներս են հրավիրել ընթերականերին և արձանագրել, որ թմրամիջոցն, իբր, խուզարկությամբ հայտնաբերվել է իր մոտից:
ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: