Աղջիկ փախցրեց ու դատապարտվեց

Վահագ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անչափահաս Էլվերինա Կ.-ին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթ Մ. Վ.-ի և վերջինիս ազգական Ա. Գ.-ի հետ, խմբի կազմում Երևանի շենքերից մեկի մոտից իրականացրել է աղջկա առևանգումը:

Էլվերինա Կ.-ն սովորելու նպատակով տեղափոխվել է Երևան քաղաք ու վարձակալական հիմունքներով բնակվել բնակարանում։ Վահագն իր ընկերուհի բարեկամն է եղել, ով իրեն տեսել ու հավանել է ու առաջարկել է ընկերություն անել, սակայն ինքը մերժել է։ Այնուհետև Վահագը մեկնել է ՌԴ, սակայն շարունակել է զանգահարել ու ամուսնության առաջարկություններ անել։ Հետագայում ինքը սկսել է ընկերություն անել իր ներկայիս ամուսին Հայկի հետ, ինչի մասին տեղեկացրել է Վահագին և խնդրել է իրեն այլևս չանհանգստացնել։ 2014թ. հունիսի 19-ին պրակտիկա անցնելու համար գնացել է Քանաքեռ վարչական շրջան, իսկ պրակտիկան ավարտելուց հետո սովորականի նման նստել է «45» համարի երթուղային տաքսին և ուղևորվել է տուն։ Ճանապարհին նկատել է երթուղային տաքսուն հետապնդող «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան, որն իրեն կասկածելի է թվացել։ Հասնելով տեղ իրենց շենքի մոտ իջել է երթուղային տաքսուց ու քայլել դեպի շենքի մուտքը, սակայն մուտքի դիմաց կանգնած իրեն անծանոթ մի երիտասարդ բռնել է իր ձեռքերը և թույլ չի տվել գնալ։ Վայրկյաններ անց նրան է միացել մեկ այլ տղա, ովքեր իրեն գրկելով նստեցրել են մեքենան ու տարել են։ Ինքը փորձել է ազատվել, հարվածել է նրանց, սակայն` ապարդյուն։ Մեքենայում տղաներից մեկն իր ձեռքից վերցրել է բջջային հեռախոսն ու հանել է մարտկոցը, ինքն այնուհետև փորձել բացել մեքենայի դուռը, սակայն չի կարողացել, նույնիսկ բռնակն է կոտրել։ Երբ ինքը բղավել է և խնդրել է իրեն բաց թողնեն, տղաներն ասել են, որ կգնան խաղաղ մի վայր, որտեղ կխոսի Վահագի հետ ու այդ ժամանակ ինքը հասկացել է, որ առևանգումը նա է կազմակերպել։ Տղաներն իրեն տարել են անծանոթ ու ամայի մի վայր, որտեղ այդ երկու տղաներն իջել են մեքենայից։ Այնուհետև մեքենա է նստել Վահագը, ինքը հարվածներ է հասցրել նրան, բղավել ու խնդրել է իրեն բաց թողնել, հայտնել է, որ ընկեր ունի, ում սիրում է և ում հետ ցանկանում է ամուսնանալ։ Որոշ ժամանակ անց համոզվելով, որ խոսակցություն լինել չի կարող Վահագը հանդարտվել ու համաձայնվել է իրեն հետ տանել, սակայն եկել են ոստիկանության աշխատակիցներն ու իրենց բերել են ոստիկանության բաժին։

Հարուցվել է նախաքննությունը, ապա գործը մտել է դատարան, դատարանը ապացուցված է համարել ամբաստանյալի մեղքը ու Վահագը դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով։

ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված` ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել