Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ից 7-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Այցի շրջանակներում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Գուցանը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ: Հայաստանի գլխավոր դատախազության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը և Էմիլ Բաբայանը, ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են դատախազությունից:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը` գլխավոր դատախազի պաշտոնում վերընտրվելու առիթով, ընդգծելով, որ երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունն այսուհետ էլ ավելի կզարգանա:

ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Գևորգ Կոստանյանին և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը՝ քրեական դատավարության ոլորտում երկկողմանի համագործակցության զարգացման համար:

Յուրի Չայկան ընդգծելով նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ նշել է, որ դրանք նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների համագործակցության առաջնահերթությունների սահմանմանը, այդ թվում՝ քրեական դատավարության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորման և միջազգային կազմակերպությունների շրջանակում գործողությունների համակարգման հարցերում:

Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը կնպաստի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել