Վերին Լարսում ծագած խնդիրն արդեն լուծված է: Այս մասին մեզ փոխանցեցին ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից. «Մենք արդեն իսկ ստացել ենք Վրաստանի Ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն, որ այսօր ժամը 15:00-ից սկսած մինչև երեկոյան 20:00-ն Լարսի ավտոճանապարհը մեկ սեկցիայով բաց է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, վաղը առավոտյան 05:30-ից մինչև 20:00-ն ավտոճանապարհը կրկին մեկ սեկցիայով բաց է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:
Մինչ այս մեզ հետ զրույցում Վերին Լարսում գտնվող քաղաքացիներից Գարեգին Կարապետյանը ասել էր, որ տեղի քաղաքացիները հայտնվել են ծանր վիճակում, նրանք արժանանում են վատ վերաբերմունքի ռուսական միգրացիոն ծառայության ներկայացուցիչների ու ճանապարհային ոստիկանության կողմից, ինչպես նաև պնդել էր, որ հայերի համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ: Գարեգինը նաև Լարսում հայտնված քաղաքացիների անունից նամակ էր հղել ՌԴ ԱԻ նախարարին: Վատ պայմանների մասին լուրերը հերքեցին ԱԻՆ-ից՝ հավելելով, որ Լարսում հայտնված մյուս քաղաքացիները համամիտ չեն այդ նամակի հետ. «Մյուս քաղաքացիները հակառակն են պնդում, միայն մեր կառույցը չի խոսել վրանային ճամբարների մասին, այդ ճամբարների մասին խոսել են բոլոր կառույցները»,- ասաց Նանա Գնդոյանը:
Իրավաբան.net