Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ համապատասխան օտարերկրյա պետությունում (քաղաք, տարածք) գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը:
ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումն ընդունվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի հիման վրա, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում:
«Իրավական ակտերի մասին» 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:
Տվյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի համար գումար հատկացնելու կարգը և պայմանները: Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայությունը, ապա օտարերկրյա պետությունում վերջինիս ճանապարհածախսի և կեցության գումարի հատկացման վերաբերյալ օրենքի դրույթն իմպերատիվ բնույթ է կրում: Այսինքն` կառավարության որոշմամբ պետք է սահմանվի ոչ թե զինծառայողին ուղեկցող անձի` օտարերկրյա պետությունում ճանապարհածախսի և կեցության գումարի չափը, այլ պետք է սահմանվի այդ գումարի հատկացման կարգն ու պայմանները:
Մյուս կողմից առկա ձևակերպումը կրում է խիստ խտրական բնույթ, քանի որ ստացվում է, որ պետական մարմինների աշխատակիցներն օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ սահմանված հատկացումներից 100 տոկոսի չափով, մինչդեռ իր որդուն կամ ամուսնուն բուժման համար արտասահման մեկնած անձը` միայն դրա կեսի չափով:
Այս մասին ասվում է Արդարադատության նախարարության կողմից գործադիր ներկայացրած նախագծում, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 410-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «` համապատասխանաբար 50 տոկոսի չափով» բառերը:
Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվի վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Դրանով կապահովվի նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 410-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվող կարգավորումների համապատասխանությունը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին:
Իրավաբան.net