Քաղաքակիրթ համակեցությունը հնարավոր է երեք առանցքների վրա: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի կարծիքով այդ երեք առանցքները հեևյալն են. «Երբ մարդու սոցիալական վարքագծի հենքը իրավունքի գերակայությունն է, քաղաքական ինստիտուտների, քաղաքական վարքագծի հենքը նույնպես իրավունքի գերակայությունն է և իշխանությունների հանրային վարքագծի հենքը իրավունքի գերակայությունն է»,- այսօր իր հեղինակած գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց պարոն Հարությունյանը:
Ըստ նրա՝ այս երեք ոլորտներում էլ մենք մեծ դեֆիցիտ ունենք, որը պետք է հաղթահարվի: Անդրադառնալով փոփոխված Սահմանադրությանը, նա խոսեց մայր օրենքի կյանքի կոչելու հանգամանքից՝ շեշտելով, որ դա բավականին տևական խնդիր է. «Այսօրվա գնահատականներով 100-ից ավելի օրենքներ պետք է ընդունվեն, ընդ որում՝ մեկ տասնյակից ավելի օրգանական սահմանադրական օրենքներ, որոնց հայեցակարգերը նաև մեր խորհրդում պարբերաբար քննարկման առարկա են, դրանք բոլորը կավարտվեն 2018թ.-ին»:
Այնպես որ ՍԴ նախագահի փոխանցմամբ՝ նոր սահմանադրությունը կսկսի շնչել այն ժամանակ, երբ իրավական դաշտն ամբողջությամբ ներդաշնակ կլինի սահմանադրական լուծումներին, ինչպես նաև կառուցակարգային լուծումները կհամապատասխանեցվեն մայր օրենքին:
Այսօր Ազգային պատկերասրահում տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր Սահմանադրության օրվան: Ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դատական համակարգի ղեկավարներ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ, կառավարության ներկայացուցիչներ, պատգամավորներ, Սահմանադրական դատարանի անդամներ:
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ Գագիկ Հարությունյանի հեղինակած «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերն ու ժամանակի մարտահրավերները» վերահրատարկված և լրամշակված ձեռնարկի շնորհանդեսը:
Պարոն Հարությունյանն ասում է, որ գրքում ավելի շատ խնդիրներ են արծարծվում, քան լուծումներ տրվում: ՍԴ նախագահին հուզող հիմնական հարցը, իրավական չէ, բայց ոչ պակաս կարևոր է. «Ես նախաբանի վերջում ավելի շատ պատգամ եմ անում, քան բավարարվածություն հայտնում, նշվում է, որ վերջիվերջո մեր երիտասարդությունը՝ նաև պատմության դասերով իմաստացած, կկարողանա այս փորձառությունը հաշվի առնելով կերտել մեր երազների Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա նաև ինձ համար որոշակի առումով երազ է մնում: Բացի երիտասարդներից, մյուսները պետք է նույնպես փորձեն դասեր քաղել ու անել առավելագույնը, քանի դեռ ուշ չէ»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net