Հուլիսի 1-ին՝ ժամը 13.20-ի սահմաններում Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 5-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով 50 ՀՀ քաղաքացու:
5-րդ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմից համատնօրեն Ս. Ազարյանը, ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունները, որոնց աշխատակիցներն այս երկու օրերի ընթացքում շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին և պարբերաբար տրամադրելով թարմ տեղեկատվություն:
5-րդ չվերթի ընթացքում ևս Երևան ժամանող օդանավի ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչներն ու բժիշկները՝ ՌԴ ԱԻՆ գնդապետ Տ.Ս. Բազդիրևի գլխավորությամբ:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Գաբրիելյանը, և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմից համատնօրեն Ս. Ազարյանն օդանավակայան էին եկել նաև նույն ինքնաթիռի հետադարձ թռիչքով Հայաստանում գտնվող ՌԴ 13 քաղաքացիներին իրենց հայրենիք ճանապարհելու համար: ՌԴ քաղաքացիները Լարսի անցակետում ծագած խնդրի պատճառով մնացել էին Վարաստանում՝ զրկված լինելով Ռուսաստան վերադառնալու հնարավորությունից:
ՌԴ քաղաքացիները երախտագիտության խոսքեր հղեցին ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների աշխատակիցներին՝ հոգատար վերաբերմունքի և այլընտրանքային տարբերակով հայրենիք վերադարձի կազմակերպման համար: ՌԴ ԱԻՆ օդանավը Զվարթնոցից Ռուսաստան ուղևորվեց ժամը 14.20-ի սահմաններում:
Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիները ևս գոհունակություն հայտնեցին ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատանքի, իրենց նկատմամբ դրսևորած հոգատար վերաբերմունքի ու ցուցաբերած մեծ աջակցության համար: Բացի այդ, տեղի հայ համայնքը նույնպես ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել է զգալի օժանդակություն՝ պարբերաբար սնունդ և օթևան տրամադրելով հայրենակիցներին:
Հատուկ չվերթներով թռիչքներն իրականացվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման վերաբերյալ:
***
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված մեր հայրենակիցներին: Երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, երրորդը` 13.48-ին, իսկ չորրորդը՝ 19.02-ին:
Իրավաբան.net