Ռուսաստանում գնված մեքենան գրանցումից հանելու համար Գարեգին Կարապետյանն ու Կարեն Քարամյանը գնացել են ՌԴ, համապատասխան գործողությունները կատարել ու օրեր առաջ փորձել վերադառնալ հայրենիք, սակայն նրանց մոտ դա չի ստացվել, որովհետև Վերին Լարսի անցակետը բնական աղետի վտանգների պատճառով փակ էր:
ՀՀ քաղաքացիները մեկ օր սպասել են, այնուհետև դիմել են կառավարության օգնությանը, սակայն գործադիրից ոչ թե օգնել են, այլ ավելի վնասել. «Փորձեցինք հասկանալ՝ ինչքան ժամանակ կտևի այս ամենը, զանգելով այնտեղի ԱԻՆ-ին, տեղեկացանք, որ գործընթացը կտևի մոտ 20 օր, հետո ես սկսեցի զանգել մեր պետական մարմիններ: Տրանսպորտի նախարարությունը առաջինն էր, որ զանգեցի, ինձ պատասխանեցին, որ գուցե մեր ճանապարհը Սոչիից լաստանավն էր, մենք որոշեցինք գնալ Սոչի, հասանք Սոչի, պարզեցինք, որ լաստանավ գոյություն չունի մարդատար մեքենայի համար: Հետո ես ինտերնետում գտա, որ կա հյուպատոսություն, զանգեցի, բայց որ ժամին զանգում ես, չեն պատասխանում: Ես զանգեցի ԱԳՆ, այնտեղ պարզաբանեցին, որ խնդիրը պետք է լուծել հյուպատոսություններով կամ դեսպանատան միջոցով, դեսպանատնից նորից չեն վերցնում: Կրկին զանգեցի ԱԳՆ, որտեղ ասացին, որ ոչինչ չեն կարող անել, բայց ունեն ինֆորմացիա, որ հնարավորն է գնալ Նովոռոսիյսկի ափից, գնացինք-հասանք այդտեղ, պարզեցինք, որ դա հնարավոր չի, այսինքն՝ ոչ մի ռուսական ափից հնարավոր չի փոխադրվել Վրաստան, որից հետո, ես զանգեցի ԱԳՆ, տրանսպորտի նախարարություն, կառավարության թեժ գիծ, ես տալիս էի ընդամենը մի հարց. «Ես ՀՀ քաղաքացի եմ, չունեմ գումար, ընդամենը ցանկանում եմ հասնել իմ հայրենիք, ի՞նչ է անում կառավարությունը, որ իր քաղաքացին հասնի Հայաստան», որից ամենալավ պատասխանը տվեց մեր կառավարության թեժ գիծը. «Ոչ մի բան չի անում, քանի որ մենք չենք փակել, բացողն էլ մենք չենք: Ոչ մի բան չի նախաձեռնում կառավարությունը»»,- ասաց Գարեգին Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ կառավարության անհամաձայնեցված ու ոչ իրազեկ գործելաոճի արդյունքում իրենք կիլոմետրեր երթևեկել են, արդյունք չեն ունեցել և ծախսել են գումար:
Մենք խորհրդից հետո քաղաքացիները զանգահարել են ԱԻՆ, որտեղից իրենց տեղեկացրել են, որ տեղափոխում կատարվելու է երեք անգամ, երրորդն այսօր է. «Ընդ որում՝ գրանցումն արդեն ավարտված է, հարցին՝ որտեղ են գրանցվում, ԱԻՆ-ը տեղեկություն չտվեց, ասացին՝ զանգեք ռուսական ԱԻՆ, այնտեղից էլ ոչ մի տեղեկություն չտվեցին: Այսինքն՝ տեղեկություն բացարձակ չկա, ինտերնետով էլ եմ նայում, ոչինչ չեմ կարողանում գտնել»,- ասաց Գարեգինը:
Իրավաբան.net