2015 թվականի փետրվարի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 214-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով որոշակիորեն խստացրեց թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների հիմնական դրույթներն արտացոլող գիտական հոդվածների քանակին և դրանց հրատարակություններին վերաբերող պահանջները:
Որոշման 4-րդ կետով սահմանվեց, որ թեկնածուական ատենախոսությունների մասով սահմանված նոր պահանջները չեն տարածվում այն անձանց վրա, ում թեկնածուական ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչև այդ որոշումն ուժի մեջ մտնելը՝ թեկնածուական ատենախոսությունը ոչ ուշ, քան ուսումնառության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում պաշտպանելու պայմանով:
Դոկտորական ատենախոսություններին վերաբերող դրույթների մասով սահմանվեց միայն, որ դրանք ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Կառավարությունն այսօր քննարկեց Կրթության և գիտության նախարարության նախագիծը, որն առնչվում էր այս որոշմանը: Նախարար Լևոն Մկրտչյանն արձանագրեց, որ որոշմամբ խստացվել ու հստակեցվել էին թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ժամանակ պահանջակարգերը և ձևաչափերը, բայց կա որոշակի անհավասարություն. «Թեկնածուական ատենախոսությունների համար ըստ էությամբ սահմանվում էր երեք տարի, դոկտորականի համար՝ երկու, երբ մենք 2017թ.-ը փոխարինում ենք, 2018թ.-ի մարտի 10-ի ժամանակահատվածով, երկուսն էլ դնում ենք հավասար պայմանների մեջ ու սրանով վերջնականապես փակվում է այս շղթան»,- ասաց նախարարը:
Հաստատելով նախագիծը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ԲՈՀ-ի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ է լսել, անգամ գրավոր նամակներ է ստացել: Վարչապետը հանձնարարեց զբաղվել, քննարկել ու ուսումնասիրել՝ հասկանալու՝ ինչ խնդիրներ կան և արդյոք դժգոհությունները օբյեկտիվ են, թե՝ ոչ:
Իրավաբան.net