Գոհար Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի նոյեմբեր ամսվա սկզբին բանավոր պայմանավորվածության է եկել համաքաղաքացիներ Նինա և Արսեն Մուրադյանների հետ, որ մինչև 2016 թվականի հունվարի 20-ը վերադարձնեն իրենից փոխառությամբ վերցրած 25.000 ՌԴ ռուբլի գումարը, սակայն պայմանավորված ժամկետում պարտավորությունները չեն կատարել, ինչի կապակցությամբ 2016 թվականի փետրվարի 03-ին, նախապես տեղեկացված լինելով, որ Նինա Մուրադյանը պատրաստվում է գնալ կենսաթոշակի գումարն ստանալու, Գ.Հովսեփյանը գնացել է Հայփոստ ՓԲԸ-ի մասնաճյուղի փոստային բաժանմունք, ու երբ Ն.Մուրադյանը ստացել է կենսաթոշակը, նրա ձեռքից բացահայտ հափշտակել է կենսաթոշակի ողջ՝ 104.000 ՀՀ դրամ գումարը՝ էական վնաս պատճառելով Ն.Մուրադյանի օրինական շահերին:
Առաջին ատյանը մեղավոր է ճանաչել ամբաստանյալին: Վերաքննիչ բողոք է բերվել:
Ըստ դատարանի վերլուծության` քրեական իրավունքը պաշտպանում է հասարակական հարաբերությունները վերջիններիս էական վնաս պատճառելուց։ Ուստի որևէ արարքի հատկանիշների միայն ձևական համընկնումը քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշների հետ չի կարող հանգեցնել այդ արարքը հանցավոր ճանաչելուն, եթե քրեական օրենքով պահպանվող հասարակական հարաբերություններին դրանով էական վնաս չի պատճառվել և չէր կարող պատճառվել։ Այդպիսի արարքը պետք է ճանաչվի քրեաիրավական առումով նվազ կարևոր։
Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արարքը դիտարկվում է որպես նվազ կարևոր և չի համարվում հանցագործություն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
1) այն ձևականորեն պարունակում է քրեական օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ,
2) չի ներկայացնում հասարակական (հանրային) վտանգավորություն, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանրային վտանգավորությունը՝ որպես հանցագործության նյութական հատկանիշ, ունի որակական և քանակական արտահայտություն. հանրային վտանգավորության որակական արտահայտությունը հանրային վտանգավորության բնույթն է, իսկ քանակականը՝ հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս mutatis mutandis Գ.Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը) :
Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը յուրաքանչյուր գործով որոշվում է ինքնուրույն, սակայն միևնույն ժամանակ այդ հարցի լուծման հիմքում պետք է դրվեն ենթադրյալ հանցագործության որակական և քանակական կողմերը բնութագրող գործոնները (մեղքի ձև և տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ և այլն)։ Ընդ որում, միայն դրանց համակցությունն է հնարավորություն տալիս որոշելու արարքի նվազ կարևոր լինելը կամ չլինելը(…):
(…)16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ արարքի նվազ կարևոր լինելու հարցը լուծելիս, ի թիվս այլ հանգամանքների, անհրաժեշտ է հաշվի առնել.
ա) պատճառված վնասը,
բ) արարքի կատարման եղանակը,
գ) մեղքի ձևը և տեսակը,
դ) շարժառիթը և նպատակը(…)»:
Վերաքննիչ դատարանը սույն գործի ճիշտ լուծման համար էական է համարել հետևյալ փաստական հանգամանքերը:
– Գոհար Հովսեփյանն ու Նինա Մուրադյանը բնակվել են հարևանությամբ և գտնվել մտերիմ հարաբերությունների մեջ:
– Նինա Մուրադյանը Գոհար Հովսեփյանց հաճախակի փոխառությամբ տարբեր գումարներ է վերցրել և դրանք վերադարձրել նախապես պայմանավորված ժամկետին:
– Վերջին անգամ 2015 թվականի նոյեմբեր ամսին Նինա Մուրադյանը Գոհար Հովսեփյանից փոխառությամբ վերցրել է 25.000 ՌԴ ռուբլի` պարտավորվելով այն վերադարձնել 2016 թվականի հունիսի 20-ին, սակայն այս անգամ պայմանավորված ժամկետին գումարը չի վերադարձրել:
– Գոհար Հովսեփյանի և Նինա Մուրադյանի միչև որբևէ գրավոր փոխառության պայմանագիր չի կնքվել և որևէ փաստաթուղթ չի կազմվել:
– 2016 թվականի փետրվարի 02-ին Գոհար Հովսեփյանը գնացել է Նինա Մուրադյանի տուն և պահանջել 25.000 Ռուբլին, սակայն վերջինս և նրա տղան, խնդրել են տրամադրել ևս 2 օր պարտքը վերադարձնելու համար:
– Հաջորդ օրը` 2016 թվականի փետրվարի 03-ին Գոհար Հովսեփյանը Նինա Մուրադյանի ձեռքից խլել է 104.000 ՀՀ դրամ, որը տվյալ պահի փոխարժեքով կազմել է մոտ 16.000 ՌԴ ռուբլի:
– Հետագայում, դեպքից մի քամի օր անց Նինա Մուրադյանի կողմից Գոհար Հովսեփյանին է վերադարձվել նաև պարտքի մնացած մասը:
ՀՀ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո հաշվի առնելով գործի` վերոնշյալ փաստական հանգամանքները, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Գոհար Հովսեփյանին մեղսագրված արարքը չի համարվում հանցագործություն, քանի որ այն թեև ձևականորեն պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները, սակայն իր նվազ կարևոր լինելու ուժով չի ներկայացնում հասարակական վտանգավորություն:
Ի վերջո դատարանւ որոշել է ամբաստանյալ Գ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքը բավարարել:
Բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Գոհար Հովսեփյանին ճանաչել անմեղ և արդարացնել:
Իրավաբան.net