Ճանապարհային ոստիկանությունը չի կատարել իր պարտականությունները. դատարանը բավարարեց վարորդի հայցը

Վարորդ Դավիթ Կարապետյանը ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ վիճարկվող որոշման համաձայն` ինքը տրանսպորտային միջոցով թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, այն է՝ կանգառ է կատարել կանգառն արգելված վայրում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով և որի համար էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ըստ Հայցվորի, վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է, այդ ակտը չի բխում օրենքի պահանջներից, այդ ակտով խախտվել են Հայցվորի՝ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքները և այն ենթակա է վերացման հետևյալ պատճառաբանությամբ.

Վարորդը պնդել է, որ պատասխանողը վարչական ակտի մեջ չի նշել, թե Հայցվորը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. հունիսի 28-ի Հայաստանի Հանրապետության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին թիվ 955-Ն որոշման որ կետն է խախտել, որի համար Հայցվորը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության։

Դատարանը իր վերլուծության մեջ նախ նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասում նկարագրված իրավախախտումը կատարված լինելու համար անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն.

տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտած լինելը,

վերը նշված խախտումը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի անհրաժեշտությամբ չպայմանավորված լինելու պարագայում կատարված լինելը։

Տվյալ դեպքում Դատարանն արձանագրում է, որ Հայցվորի տրանսպորտային միջոցը կանգառ է կատարել կանգառն արգելված վայրում։

Իրավախախտումը կատարված լինելու համար անհրաժեշտ է որպեսզի առկա լինի վերը նշված երկրորդ պայմանը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում։

Վերոնշյալ նորմերի ուժով պայմանավորված Դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը, տվյալ դեպքում պատասխանող ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը պարտավոր էր ապացուցել այն փաստը, որ Հայցվորը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտումը կատարել է։ Այսինքն, Հայցվորի մոտ առկա չի եղել վերը նշված հոդվածի դիսպոզիցիայում նախատեսված այն բացառությունը, որի պայմաններում նրա արարքը չէր որակվի որպես տվյալ հոդվածում ամրագրված իրավախախտում։

Պատասխանողը ոչ միայն չի կատարել իր այդ պարտականությունը, այլ նաև վարչական վարույթի արդյունքում Հայցվորի նկատմամբ կայացրել է անբարենպաստ վարչական ակտ։

Ի վերջո դատարանը` Ա. Հարությունյանի նախագահությամբ վճռել է Դավիթ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության բավարարել և անվավեր ճանաչել ՃՈ-ի որոշումը։

ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել