Զինվոր է մահացել. դասակի հրամանատարին կալանավորեցին

Ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար Վ.Բալայանին:

Հ.Գրիգորյանի դին հայտնաբերվել է 2016թ. հունիսի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում՝ նրան ամրակցված ինքնաձիգով բերանի շրջանում պատճառված հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, զինվորի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է, որ ժամկետային զինծառայողի նկատմամբ դեպքի նախորդող օրը՝ հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել դասակի հրամանատար Վ.Բալայանը։ Բացի այդ, 2016 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փորձնական զորավարժության ընթացքում զինծառայող Հրանտ Գրիգորյանը վատ զգալու պատճառով չի շարունակել զորավարժությունը, ինչի կապակցությամբ Վ.Բալայանը վիրավորել է զինծառայողին՝  հայհոյելով նրան:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտե

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել