2016 թվականի հունիս 16-ին կայացել է ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնություն (կոնսենսուս), որի շրջանակներում քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել փոփոխություններ և լրացումներ կատարել Ընտրական օրենսգիրքում` դրանում արտացոլելով համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները և միջոցառումները: Բացի կոնսենսունսի արդյունքում ամրագրվող դրույթներից անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև դիտորդների ստուգարքի վերաբերյալ կանոններ, ինչպես նաև բողոքարկման համար սահմանված ժամկետները:
Գործադիրն այսօր քննարկեց նոր փոփոխության արդյունքում առաջացած նախագիծը:
Առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետևյալ դրույթները.
- Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում: Ընդ որում տեսանկարահանումը պետք է իրականացվի Կառավարության սահմանած կարգով մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով: Ամեն պարագայում տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սահմանված քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:
- Ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը: Այսպես, առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և նույնականցման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում քաղաքացին համարվում է նույնականցման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր և այլ տվյալներ: Առանց նույնականացման քարտի կարող են քվերակել
զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկողները,
քրեակատարողական հիմնարկում քվեարկողները
բժշկական հաստատությունում շրջիկ արկղով քվեարկողները: ): Այն դեպքերում, երբ անձը չի եղել Հայանստանի Հանրապետության տարածքում սահմանված ժամկետում չի ստացել նույնականացման քարտ և չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար, ապա նա կարող է մասնակցել ընտրություններինն ` ընդգրկվելով ընտրողների լրացուցիչ ցուցակում:
Քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով: Այսպես` ընտրության օրը յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով: Ընտրողը ներմուծում է իր աջ կամ ձախ ձեռքի ցուցամատի մատնահետքը տեխնիկական սարքավորման մեջ: Եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի ճանաչման արդյունքում պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող և եթե մինչ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան և տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը: Եթե տեխնիկական սարքավորումը ընտրողի մատնահետքը չի ճանաչում, ապա ներմուծվում է մյուս ձեռքի ցուցամատի մատնահետքը, իսկ եթե այն ևս չի ճանաչվում, ապա ներմուծվում են այլ մատերի մատնահետքերը: Մատնահետքերի ներմուծումը կրկնվում է հինգ անգամ: Եթե այնուամենայնիվ որևէ մատնահետք չի ճանաչվում, ապա ընտրողի գրանցումն իրականցվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:Այդ դեպքում մասնագետը ստեղնաշարով ներմուծում է անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ: Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող և եթե առ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան և տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը: Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է համապատասխան նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաև այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:Եթե տեխնիկական սարքավորումն մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան և մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ: Հարկ է նշել, որ անատոմիական առանձնահատկություններից ելնելով մատնահետքը ստանալու անհնարինության դեպքում մատնահետքի ներմուծման քայլը բաց է թողնվում, և կիրառվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցման վերաբերյալ նորմերը: Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքավորման կիրառման իրականացվում է զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկության, քրեակատարողական հիմնարկում քվեարկության, շրջիկ արկղով քվեարկության, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկության դեպքերում և տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում: Այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրականացնել տեխնիկական սարքավորման միջոցով գրանցում հանձնաժողովի համապատասխան անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները (քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկելու դեպքում լրացնում է ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը), լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց:
- Ընտրողների ստորագրված ցուցակները արդյունավետ ստուգելը լիարժեք հասանելի դարձնելու համար ներդնել հետևյալ մեխանիզմը.
Գործող Ընտրական օրենսգիրքը ցուցակների լիարժեք ստուգումը իիրականացնելու համար նախատեսում է այն ընթացակարգը, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում, առանց ընտրական տեղամասի համարը նշելու, նշվում է տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընդ որում տեղեկանքի մեկական օրինակ ըստ պահանջի տրամադրվում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական վստահված անձի Բացի դրանից տեղեկանքի մեկ օրինակը սոսնձվում է առանձին թղթի վրա, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հնարավորություն է ընձեռվում լուսանկարելու այն: Առաջարկվող կարգավրումը վերոգրյալ մեխանիզմի հետ մեկտեղ ամրագրում է, այն դրույթը, որ տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Բացի դրանից Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը11.00-ն կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Դիմումի հետ պետք է ներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած պահանջներին բավարարող էլեկտրոնային կրիչ: Տարածքային ընտրական հանձնաժողովը մինչև քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 12.00-ն վերադարձնում է կրիչը, որի վրա զետեղվում են դիմումում նշված ընտրական տեղամասերում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարները համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկատվությունը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
- Թեև Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ դիտորդների համար իրականացվող ստուգարքի նպատակը ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների և դիտորդի իրավունքների և պարտականությունների իմացության ստուգումն է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, նախագծով առաջարկվում է հանել դիտորդի համար սահմանված ստուգարքի պահանջները:
- Գործող Ընտրական օրենսգրքում ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի էականորոն վերնայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը և երկարացվել են բողոքարկման ժամկետներ: Սակայն, հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարևորությունը, առաջարկվում է կրկին անդրադառնալ բողոքարկման ժամկետներին և ավելի երկարաձգել դրանք:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրացնել քաղաքական համաձայնության արդյունքում ձևակերպված դրույթները և միջոցառումները, ինչպես նաև փարատել դիտորդների համար նախատեսված ստուգարքների, ինչպես նաև բողոքարկման ժամկետների հետ կապված առկա մտահոգությունները:
Կառավարությունը հաստատեց այն, մեկ-երկու օր տրամադրվեց, որպեսզի քննարկեն ու վերջնական ստորագրեն:
Իրավաբան.net