Կնոջը երկու տարի պահել են Դուբայում, ստիպել՝ զբաղվի մարմնավաճառությամբ. ի՞նչ տարածվածություն և տեսակներ ունի թրաֆիքինգը

Սեռական շահագործում, ստրկությունը, բռնաբարություն… սա թրաֆիքինգի ամենատարածված տեսակներից է: Հիմնական ուղղությունը, որտեղ տանում են հայ կանանց՝ Արաբական Միացյալ Էմիրություններն է: Նպատակը՝ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ ու շահույթ ստանալ:

Անահիտ Կիրակոսյանը (անձի անուն-ազգանունը փոխված է), ունի երկու երեխա, այժմ բնակվում է Հայաստանում, մինչ այդ Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքում էր և աշխատում էր տեղի խաղատներից մեկում։ Այդ ընթացքում ծանոթացել է Ժանետա Թաթարյանի հետ, ով իրեն պատմել է, որ քույրը` Սուսաննան գտնվում է Իսպանիայում, այնտեղ աշխատում է ֆոտոսրահում և ամսական ստանում 1.000 ԱՄՆ դոլար աշխատավարձ։ Պատմել է նաև, որ ինքը նույնպես ցանկանում է մեկնել քրոջ մոտ, սակայն իր գործերը չի ստացվում և առաջարկել է մեկնել իր փոխարեն։ Իր հարցին Ժանետան պատասխանել է, որ քույրը կօգնի սովորել այնտեղի լեզուն և կհոգա ճանապարհածախսը։ Ինքը համաձայնել է և Ժանետի հետ եկել են Երևան, որտեղ մի քանի օր ապրել են Ծովիկ Ավետիսյանի` Ավան թաղամասում վարձակալած բնակարանում։ Վերջինս նույնպես հաստատել է Ժանետայի առաջարկը և ավելացրել, թե իբր Սուսաննան մի քանի օրով իր «շեֆի» հետ եկել է Դուբայ, այնուհետև` իր մասին խոսել է հեռախոսով Դուբայ` Նելլի հետ, նրան ներկայացրել իր արտաքինը, նշելով` «վրեն գործ չկա անելու»։

IMG_9933 copyԴրանից հետո` Ծովիկի պահանջով նրան է տվել իր անձնագիրը` մեկնելու փաստաթղթերը պատրաստելու համար, իսկ փետրվարի 24-ին Ծովիկի հետ միասին մեկնել են Դուբայ։ Այնտեղ՝ օդանավակայանում, իրենց դիմավորել է Սիլվա Հովսեփյանը, տաքսու ավտոմեքենայում վերցրել իր անձնագիրը, իսկ հետո իրեն է հանդիպել Նելլի Ներսիսյանը և ասել, որ պետք է զբաղվի մարմնավաճառությամբ` օրական վճարելով 600 ԱՄՆ դոլար։ Փորձել է ընդդիմանալ՝ ներկայացնելով, որ Ժանետն ու Ծովիկն իրեն այլ աշխատանք էին առաջարկել, սակայն ապարդյուն, քանի որ Նելլին պահանջել է վերադարձնել իր վրա ծախսած գումարները և պահանջել է զբաղվել մարմնավաճառությամբ։ Ինքը չի տիրապետել այդ երկրի լեզվին, ծանոթ չի եղել քաղաքին, հնարավորություն չի ունեցել վերադարձնել իր վրա ծախսած գումարները, բացի այդ էլ անձնագիրն իր մոտ չի եղել, ինչի պատճառով այդ իրավիճակից դուրս գալու այլ ելք չի ունեցել և շուրջ երկու տարի ստիպված զբաղվել է մարմնավաճառությամբ` օրեկան 600 ԱՄՆ դոլար վճարելով Նելլիին։ Այդ ընթացքում Նելլին միշտ խոստացել է իր համար Հայաստանում բնակարան գնել, սակայն խաբել և դա էլ չի կատարել։

IMG_9914 copy

Դատարանում Անահիտն ասել է, որ եթե նախապես տեղյակ լիներ, որ մեկնելու էր մարմնավաճառությամբ զբաղվելու, երբեք չէր դիմի այդ քայլին։ Երկու տարի Դուբայում մնալուց հետո ինքն ու մեկ այլ տուժող միտումնավոր փախչել են և հանձնվել տեղական իշխանության մարմիններին՝ խնդրելով իրենց արտաքսել Հայաստան, սակայն Նելլին գումար է վճարել և նորից մնացել են Դուբայում: Նա պատմել է, որ նույն սենյակում այլ աղջիկներ ևս եղել են, սակայն նրանց չէին թողնում, որպեսզի իրար հետ շփվեն։

Այս գործով ներգրավված են նաև մի քանի այլ տուժողներ: Մեղադրանք էր առաջադրվել երկու կանանց՝ Աղունիկ Սուրենի Այվազյանին և Ծովիկ Համազասպի Ավետիսյանին: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-ին մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ:

Աղունիկ Այվազյանի նկատմամբ նշանակվել է վերջնական պատիժ՝ազատազրկում 12 տարի, իսկ Ծովիկ Ավետիսյանի նկատմամբ՝ 11 տարի ժամկետով:

Jpeg

Բանախոսը՝ Դավիթ Թումասյան

ՀՀ քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2010թ.-ին թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է 11 քրեական գործ, 2011-ին՝ 8, 2012-ին՝ 19, 2013-ին՝ 12, 2014-ին՝ 9, իսկ 2015-ին՝ 14 (վարույթում 21՝ 7-ը փոխանցված 2014թ.-ից): Հայաստանի թրաֆիքինգի զոհերին հիմնականում տանում են հետևյալ ուղղություններով՝ ԱՄԷ, Թուրքիա, ՌԴ և Շրի Լանկա, իսկ Ուկրաինայից, Ուզբեքստանից, ՌԴ-ից և Չինաստանից բերում Հայաստան, տարածված է նաև ներքին թրաֆիքինգը: Այս տվյալները ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում և լուսաբանում» թեմայով դասընթացի ժամանակ:

13407105_1358812187465514_311358516374207739_n

Բանախոսը՝ Վիկտորիա Ավակովա, լուսանկարը՝ Anti-Trafficking Information Platform in Armenia ՖԲ էջից

UMCOR կազմակերպության ներկայացուցիչ՝ Վիկտորիա Ավակովայի խոսքերով՝ որպես կանոն թրաֆիքիգի զոհ դառնում են կանայք: Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ զոհերի 75 տոկոսը կանայք են, 18 տոկոսը երեխաներ, 7 տոկոսը՝ տղամարդիկ: Զոհերը հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ են, գործազուրկներ, աշխատանքային միգրանտներ, միայնակ մայրեր, մանկատների կամ գիշերօթիկ և հատուկ դպրոցների սաներ և շրջանավարտներ, մարմնավաճառներ:

Առավել տարածված է սեռական շահագործումը, այն կազմում է 79 տոկոս, 14 տոկոս աշխատանքային շահագործումը, իսկ 6 տոկոս՝ մուրացկանություն:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել