Խուլիգանություն Գեղարքունիքի մարզում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի «Վանևան» ռեստորանում հունիսի 18-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռ. Մինասյանը շուրջ 10 անձանց հետ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղում գտնվող «Վանևան» ռեստորանում մասնակցել է խնջույքի, որի ընթացքում կեսգիշերին Ռ. Մինասյանը կոտրել է ռեստորանին պատկանող սպասքը, ապա  վիճաբանել ռեստորանի մենեջեր Հ.Ավետիսյանի հետ, հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանությունը շարունակվել է նաև Հ.Ավետիսյանի որդու և  վերջինիս ընկերոջ՝ ռեստորան ժամանելուց հետո, որի ժամանակ խնջույքի մասնակիցները բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով տարբեր հարվածներ հասցնելով ռեստորանի մենեջերի, նրա որդու և ընկերոջ մարմնի տարբեր մասերին։

Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 19-ին Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ռ.Մինասյանին և խնջույքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել