Ավանդույթն օրենք չէ. եզդի երիտասարդին դատապարտեցին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Եզդիների մոտ ավանդույթային եղանակով ձևավորվել է այն մոտեցումը, որ աղջիկները 15-16 տարեկան հասակում արդեն պատրաստվում են ամուսնության, իսկ տղաները որպես կանոն ավարտում են 8-րդ դասարանն ու մտածում մուտք գործել տղամարդուն բնորոշ կյանք:

Ինչքան էլ սա լինի ավանդույթ, ընդ որում` կուռ ձևավորվեծ և խորը հիմքեր ունեցող եզդիների մոտ, այդուհանդերձ, անչափահասների հետ սեռական հարաբերություններն արգելված են օրենքով: Ներկայացնում ենք այս խնդրին առնչվող դատական գործերից մեկը:

Ամո Ս.-ին (անունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 18 տարին լրացած անձ և գտնվելով փաստացի ամուսնական կապի մեջ ակնհայտ 16 տարին չլրացած Անուշ Կ.-ի հետ իր տանը վերջինիս համաձայնությամբ պարբերաբար նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն, ինչի հետևանքով Անուշը հղիացել է:

Այսինքն Խալտ Հասանի Շավերշյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օրի 141 հոդվածի 2 մասի 3 կետով:

Առաջադրված մեղադրանքն ամբաստանյալ Ամոն ընդունել է և խնդրել դատական քննությունն արագացված կարգով իրականացնել:

Ամբաստանյալի նկատմամբ պատիժ սահմանելիս, դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածների համապատասխան հաշվի է առնում նրա կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը, արարքի ծանրությունը, վրա հասած վնասակար հետևանքները, նրա ինքնությունը և գործի ողջ հանգամանքները:

Դատարանն որպես ամբաստանյալ Ամո Ս.-ի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում այն, որ վերջինս զղջում է կատարած հանցագործության համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, տուժող Անուշի հետ գտնվում է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, վերջինս չի բողոքում, քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել և խնդրել է իր ամուսնու նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ նշանակել:

Որպես անձը բնութագրող հանգամանքներ են դիտվում այն, որ ամբաստանյալը նախկինում դատված կամ արատավորված չի եղել, փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում գործով անչափահաս տուժողի հետ և վարում են համատեղ տնտեսություն, մենատնտես է, զբաղվում է հողագործությամբ, համայնքի ղեկավարի կողմից բնութագրվում է դրականորեն:

Ի վերջո դատարանը վճռել է ամբաստանյալին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել