Վարորդներին արգելվում է լուսացույցի դեղին ազդանշանի ժամանակ երթևեկությունը:
Սակայն Կառավարությունը N 955-Ն որոշմամբ նախատեսում է բացառություն:
Այսպես` դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:
18-րդ կետում էլ մասնավորեցվում է, որ լուսացույցի (բացի դարձափոխայինից) կամ կարգավորողի արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշանի) առջև, իսկ դրա բացակայության դեպքում`
1) հատվող երթևեկելի մասի առջև` հաշվի առնելով կանոնների 93-րդ կետը, խոչընդոտ չստեղծելով հետիոտների համար.
2) երկաթուղային գծանցից առաջ` կանոնների 111-րդ կետի պահանջներին համապատասխան.
3) այլ վայրերում` լուսացույցի կամ կարգավորողի առջև` խոչընդոտ չստեղծելով թույլատրելի ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների և հետիոտների համար:
Իրավաբան.net