Ի՞նչ է առաջարկվում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխմամբ

Երեկ գրել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

Ըստ կառավարության՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող եւ բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի ծառայողներին ավելի երկար ծառայելու հնարավորություն տալու հանգամանքով:

Ներկա իրավիճակը

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ մնալու սահմանային տարիքի հասած ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 5 (ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասախոսական կազմինը` մինչեւ 10) տարի ժամկետով:

Նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենքի նախագծի ընդունման արդյունքում հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող եւ բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի առանձին ծառայողներ բացառիկ դեպքերում սահմանային տարիքի հասնելուց հետո կարող են շարունակել պաշտոնավարել առավելագույնը եւս 10 տարի, ինչի արդյունքում իրենց հարուստ փորձը կփոխանցեն երիտասարդ կադրերին, որով հետագայում դյուրին կլինի ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնների համալրումը բանիմաց եւ փորձառու կադրերով:

Օրենքը հետևյալ տեսքն ունի.

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած» բառերը փոխարինել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե» կետերում,13-րդ հոդվածում նշված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գեներալ-լեյտենանտ» բառերից հետո դնել ստորակետ, նույն մասից հանել«60» թիվը.

2) 2-րդ մասը «կազմինը» բառից հետո լրացնել «եւ հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը» բառերով:

Հոդված 3 . Օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասը «ծառայության մարմինների» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության» բառերով, իսկ նույն մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ,» բառերը փոխարինել «ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ,» բառերով:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել