2016 թվականի հունիսի 11-12-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ երկօրյա սեմինար-քննարկում ՀՀ վճռաբեկ դատարանի 2014-2016 թվականների նախադեպային իրավունքի վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները, օգնականները, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը: Սեմինարը կազմակերպել էր ՀՀ դատական դեպարտամենտը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը մատնանշեց, որ այս նախաձեռնությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շարունակական ջանքերի մաս է` խթանելու միջազգային լավագույն փորձի և մարդու իրավունքների չափանիշների կիրառումը դատավորների առօրյա աշխատանքում:
Ողջունելով ներկաներին` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշեց, որ արդարադատություն իրականացնելիս բոլորի նկատմամբ նույնական վերաբերմունք դրսևորելու առումով պատմությունը որևէ այլ արդյունավետ գործիք չի հայտնաբերել, ինչպիսին դատական նախադեպն է: Վճռաբեկ դատարանի վերջին 7-8 տարվա գործունեության արդյունքում դատական նախադեպը, որը ձևավորվել է Վճռաբեկ դատարանի որոշումներում, դարձել է մեր երկրի իրավական ավանդույթի բաղկացուցիչ մասը:
ՀՀ վճռաբեկ դատարանի փորձագետները ներկայացրին ՀՀ վճռաբեկ դատարան քրեական պալատի կողմից վերջին շրջանում ձևավորված իրավական դիրքորոշումները: Այս մասին հաղորդում են դատական դեպարտամենտից:
Իրավաբան.net