Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին նախագիծը;
Ըստ որի` 17.06.1998թ. ընդունված և 01.01.1999թ. օրինական ուժի մեջ մտած ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգիրքը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարևոր իրավական ակտերից է: Օրենսգիրքն ընդունման պահին բավականին առաջադիմական էր, քանի որ դրանում առաջին անգամ ամրագրվեցին արդարադատության իրականացման ժողովրդավարական հիմնական սկզբունքները և անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովող երաշխիքները։
Այն ընդունման պահին միասնական, համակարգված և համապարփակ ակտ էր, որը կարգավորում էր ոչ միայն քաղաքացիական դատավարական հարաբերությունները, այլ նաև վարչական դատավարության հարաբերությունները։
Սակայն օրենսգիրքն իր դրական հատկանիշներով հանդերձ զերծ չէր նաև թերություններից, որոնց մի մասը առկա էին օրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան դրա գործնական կիրառման ընթացքում: Արձանագրում է Արդարադատության նախարարությունն` այսօր կառավարության նիստին ներկայացված նախագծով;
Ըստ նախարար Արփինե Հովհաննիսյանի` ընդունման պահից օրենսգրքում նախատեսված են մի շարք ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ամբողջ ընթացքում կամ չստացան իրական պրակտիկ կիրառում (արագացված դատաքննություն), կամ չապացուցեցին իրենց արդյունավետությունը (դատական ծանուցումներ և դատական ծախսեր):
Նախարարն ասաց, որ պրենսգրքի ավելի քան տասնհինգ տարվա գործածության ընթացքում դրանում կատարվեցին բազմաթիվ փոփոխություններ ու լրացումներ (նախատեսվեց նախնական դատական նիստը, լրիվ վերաքննությունից անցում կատարվեց դեպի սահմանափակ վերաքննություն, մի քանի անգամ անընդմեջ նոր խմբագրման ենթարկվեց նոր և նոր երևան եկած հանգամանքների ուժով դատական ակտերի վերանայման վարույթը, օրենսգրքից հանվեցին վարչաիրավական բնույթի դատավարական հարաբերությունները և այլն), որոնք կիրառման ընթացքում ունեցան ոչ միայն դրական, այլև բացասական դրսևորումներ։
ՀՀ կատարվող դատաիրավական բարեփոխումները (տնտեսական և քաղաքացիական դատարանների ստեղծումը և վերացումը, նոր դատական օրենսգրքի ընդունումը, վարչական դատարանների ստեղծումը) անընդհատ փոփոխությունների անհրաժեշտություն էր առաջացնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Չժխտելով փոփոխությունների մի ստվար մասի ողջամիտ և առաջադիմական բնույթը՝ այդուհանդերձ, դրանց մեծ մասը կատարվեց առանց հայեցակարգային մշակման և գիտական հիմնավորման։ Բացի այդ, փոփոխություններն ու լրացումները համալիր չէին, առավելապես կրում էին դրվագային բնույթ, հաճախ համաձայնեցված չէին իրավական այլ ակտերի, ինստիտուտների և նորմերի հետ։
Գործադիրը գտնում է, որ վերը նշված փոփոխությունները կատարվում էին առանց իրավակիրառողի և փաստաբանական համակարգի հետ լուրջ վերապատրաստումների իրականացման, ինչը հանգեցնում էր իրավակիրառ պրակտիկայի խաթարման:
Սակայն տարիների ընթացքում փորձ չարվեց լուծել դատական ծախսերի, դատական ծանուցումների և պարզեցված վարույթի կատարելագործման հետ կապված խնդիրները, միջոցներ չձեռնարկվեցին դատարանների ծանրաբեռնվածության նվազման համար:
Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում այդ թվում մի շարք դատավարական իրավունքներ (անձի հարցաքննության առանձնահատկություններ, իրավական որոշակիության սկզբունքի ներդրում և այլն) ևս անհրաժեշտություն են առաջացնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրքում ահամապատասախն իրավակարգավորումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու:
Քաղաքացիադատավարական իրավահարաբերությունների կարգավորման գործընթացի վրա նշանակալի ազդեցություն ունեցավ նաև դատական պրակտիկան։ Մասնավորապես, Օրենսգրքի գործածության ընթացքում դրանում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ իրենց գնահատականը ստացան ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում։
Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք գործերով քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տարբեր հոդվածների սահմանադրականության հարցը, դրանց մի մասը ճանաչեց հակասահմանադրական՝ սահմանելով դատարանների կողմից գործի քննության ընթացքում կիրառման ենթակա պարտադիր իրավական դիրքորոշումներ։ Միաժամանակ վերջին հինգ տարվա ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանն ընդունեց օրենքի միատեսակ կիրառման ապահովմանն ուղղված բազմաթիվ որոշումներ՝ տալով օրենսգրքի տարբեր դրույթների մեկնաբանություններ` ուղղված իրավակիրառ պրակտիկայի կարգավորմանը։ Նշված որոշումներն ընդգծեցին օրենսգրքի որոշ կարևոր դրույթների անկատարությունը և թերի լինելը:
Այդ ամենը հանգեցրեց առաջին ատյանի դատարաններում և վերաքննիչ դատարաններում ոչ միատեսակ պրակտիկայի, որի պայմաններում նույնանման փաստական հանգամանքների վերաբերյալ ընդունվում էին տարբեր որոշումները, ինչը խարխլում էր իրավական պետության հիմքում դրված իրավական որոշակիության սկզբունքը:
Բացի այդ ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք բաժինները բաժանվում են հոդվածների, օրենսգրքում առկա են հոդվածներ, որոնց մասերը համարակալված չեն և այլն: Այս իրողությունը ակնհայտորեն հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
«Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 01.07.2012թ. կարգադրությամբ նախատեսվեցին դրույթներ ուղղված քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացման:
Մասնավորապես, կարգադրության անբաժանելի մաս կազմող հավելված 1-ի 6-րդ կետը նվիրված է՝ քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացումը և քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանը։ Կարգադրությամբ նախատեսվում է քաղաքացիական դատավարությունում սահմանել վերադաս դատարանի կողմից դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու դեպքում ստորադաս դատարանում գործերի քննության կարգի առանձնահատկություններ, մշակել նախնական դատական նիստի առավել ամբողջական կանոններ, հստակեցնել և կատարելագործել ապացուցման գործընթացը կարգավորող կանոնները, դատավարական օրենսգրքերով հնարավորինս սպառիչ սահմանել նիստի հետաձգման հիմքերը՝ բացառելով նիստի հետաձգումը դրա համար չնախատեսված որևէ հիմքով, կատարելագործել դատական փորձաքննության նշանակման և անցկացման գործընթացը, ներդնել դատական վարույթների մասին ծանուցման առավել արդյունավետ մեթոդներ և դատական ծախսերի բաշխման արդար, թափանցիկ և հստակ համակարգ, կատարելագործել դատական քննության պարզեցված ընթացակարգերը և այլն:
Նշված փոփոխությունների նախատեսումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առանց նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքի մշակման անհնար է:
Այսինքն ներկայումս ՀՀ քաղաքացիական դատավարությունում անհրաժեշտ է, կատարելով հիմնարար փոփոխություններ, լուծել վերը նշված բոլոր խնդիրները, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարությունում կապահովվի մրցակցության և գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքների կենսագործումը:
Միաժամանակ նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունմանը զուգահեռ անհրաժեշտություն է առկա նաև նախագծին հարակից այլ օրենքներում ևս փոփոխություններ և լրացումներ կատարել, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Այսպես, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առ այսօր նախատեսվում են առանձին դրույթներ, որոնք ուղղակի հղում են տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կոնկրետ հոդվածի, որը կարծում ենք, որ ճիշտ մոտեցում չէ, քանի որ օրենսդրությունը փոփոխությունների ենթարկելու արդյունքում հոդվածները ուժը կորցրած են ճանաչվում, լրացվում են նոր հոդվածներով և մասերով, մինչդեռ իրավակարգավորումները որպես կանոն մնում են, թեկուզ և այլ հոդվածի տակ: Նման պայմաններում կարծում ենք ճիշտ մոտեցում է ոչ թե կոնկրետ հոդվածին հղում կատարելը այլ օրենսգրքի կոնկրետ կարգավորմանը (օրինակ՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջներով և այլն):
Բացի այդ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումներից առ այսօր դուրս է մնացել միջազգային արբիտրաժի, օտարերկրյա դատարանների վճիռների հարկադրի կատարման համար պետական տուրքի նախատեսումը, ինչպես նաև առանձին հատուկ վարույթներով պետական տուրքի նախատեսելը: Ուստի անհրաժեշտէ փոփոխություն կատարել նաև համապատասխան իրավակարգավորումներում:
Նախագծով որդեգրվել է այն մոտեցումը, որ գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել այն դեպքերում, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ: Նման մոտեցում որդեգրելը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը՝ իր 08.06.12 ՍԴՈ-1037 որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասը` այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ: Մինչդեռ, առ այսօր Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով շարունակում է նախատեսված մնալ այս կարգավորումը:
Առաջարկվող լուծումները.
Նախագիծ հստակ թվարկվել են դատարանի կողմից կայացվող դատական ակտերի տեսակները և մեկ հոդվածի տակ՝ ըստ Նախագծի առանձին հոդվածների թվարկվել է, թե կոնկրետ հոդվածում նախատեսվածը ինչ տեսակի դատական ակտ է:
Նախագծով առանձնացվել են «ենթակայություն» և «ընդդատություն» հասկացությունները քաղաքացիական գործերով։ Ըստ որում, ենթակայության ինստիտուտի համատեքստում սահմանվել է, թե որոնք են հանդիսանում քաղաքացիաիրավական վեճերով գործերը և որ դրանք ենթակա են քննության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից։ Այսպես, եթե գործող իրականությունում շատ դեպքերում վիճելի էր մնում` արդյոք վեճը իր բնույթով քաղաքացիաիրավական է, թե ոչ, ապա ներկայումս այդ խնդիրը վերացվում է։
Նախագծի առաջնային ուղղություններից է նախնական դատական նիստի նշանակության բարձրացումը: Դրանով պայմանավորված գործին մասնակցող անձանց հետևյալ տնօրինչական լիազորությունների իրականացման հնարավորությունը պետք է սահմանափակել մինչև նախնական դատական նիստի ավարտը՝ հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու վերաբերյալ միջնորդության ներկայացումը, նոր պատասխանողի ներգրավումը կամ պատասխանողի փոխարինումը, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի կողմից դատավարության մեջ մտնելը, ապացույցներ ներկայացնելը: Նախագծով առաջարկվում է ըստ հաջորդականության սահմանել նախնական դատական նիստի ընթացքում դատարանի գործողությունների կատարման հաջորդականությունը: Նախնական դատական նիստը պետք է ունենա երկու նպատակ՝ ապացուցման պարտականության բաշխումը և ապացույցների հավաքումը:
Նախնական դատական նիստի առաջնային խնդիրը պետք է հանդիսանա քննվող գործով ապացուցման առարկան որոշելը, անվիճելի փաստերի շրջանակը որոշելը, ապացուցման պարտականության բաշխելը:
Ընդ որում այդ որոշումը պետք է կայացվի առանձին ակտի ձևով, և դրանում ցանկացած փոփոխություն նույնպես պետք է կատարվի առանձին ակտի ձևով: Սակայն այդ որոշումը կարող է փոփոխվել մինչև նախնական դատական նիստի ավարտը: Նշված որոշումը առանձին ակտի ձևով կայացնելը, ինչպես նաև նախնական դատական նիստի ավարտից հետո այն փոփոխելու արգելքը, բացառությամբ առանձին դեպքերի, կապահովի քաղաքացիական դատավարության կանխատեսելիությունը, հստակ կդարձնի գործին մասնակցող անձանց համար նրանց անելիքը քաղաքացիական դատավարության ընթացքում, կթեթևացնի դատական քննության բեռը:
Անհրաժեշտ է հստակ կանոնակարգել դատաքննության ընթացքը և դրա ընթացքում դատավարական գործողությունների կատարման հաջորդականությունը: Այդ նպատակով անհրաժեշտ է սահմանել, որ դատաքննությունը պետք է բաղկացած լինի երեք փուլերից՝ գործին մասնակցող անձանց բացման խոսքը, ապացույցների հետազոտում և դատական վիճաբանությունները՝ նվազագույնի հասցնելով դատարանի հնարավորությունը դատաքննությունը վերսկսելու հարցում: Անհրաժեշտ է սահմանել, որ դատական վիճաբանություններից հետո, առաջին ատյանի դատարանը կարող է գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերսկսել դատաքննությունը, սակայն ոչ ավել, քան մեկ անգամ։
Նախագծում առաջարկվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի օրինակով մեկ գլխի մեջ սահմանել դատական նիստի ընդհանուր կանոնները, որոնք կիրառելի կլինեն դատական վարույթի բոլոր փուլերի համար: Ի կատարումն ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների» ցանկի` սույն գլխում անհրաժեշտ է նախատեսել նաև դատական նիստերի հետաձգման հնարավորինս բոլոր սպառիչ հիմքերը, որն էլ նախատեսվել է նախագծի առանձին հոդվածով` սահմանելով բոլոր այն սպառիչ հիմքերը (թվով 14), որոնք կարող են գործի հետաձգման հիմք հանդիսանալ։ Մեկ գլխի մեջ առաջարկվում է միացնել նաև հայցն առանց քննության թողնելը և գործի վարույթը կարճելը՝ այն վերնագրելով որպես գործի վարույթի ավարտ առանց այն ըստ էության լուծելու:
Նախագծով առանձանցվում են գործի վարույթի կարճման երկու նոր հիմքեր, որոնք են՝ հայցի հարուցումը մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ և վեճի ըստ էության սպառումը:
Նախագծի առանձին հոդվածներում առկա են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առավել շատ կիրառվող հասկացությունների ցանկի սպառիչ սահմանումներ, որպիսիք են հանդիսանում օրինակ՝ դատավարության մասնակիցների, հայցի առարկայի, դրա փոփոխման, հայցի փաստական և իրավական հիմքերի, գործն ըստ էության լուծող, գործն ըստ էության չլուծող, միջանկյալ, վերջնական դատական ակտերի հասկացությունը:
Ի կատարումն ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների» ցանկի ` նախագծով փորձ է արվել կատարելագործել դատական փորձաքննության նշանակման և անցկացման գործընթացը: Մասնավորապես նախագծով առաջարկվում է գործին մասնակցող անձի բերած փորձագիտական եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ հավասարեցնել դատարանի կողմից նշանակված փորձաքննության, եթե այն կատարած փորձագետը մինչև նախնական դատական նիստի ավարտը դատարանի առջև գրավոր հաստատում է այն` նախազգուշացվելով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատաuխանատվության մաuին։
Բացի այդ, առաջարկվում է առանձին կանոնակարգումներ նախատեսել փորձագետի հարցաքննության համար՝ նշելով, որ փորձագետն իր եզրակացությունը ներկայացնելուց հետո այդ եզրակացությունը ճշգրտելու և պարզաբանելու նպատակով առաջին ատյանի դատարանի նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է հրավիրվել հարցաքննության: Ընդ որում նախագծով սահմանվում է, որ փորձագետը հատուկ գիտելիքների կապակցությամբ հարցաքննվում է միայն իր կողմից նախապես տրված գրավոր եզրակացության շրջանակներում:
Փորձագետի եզրակացության դեմ առարկելու արդյունավետ կառուցակարգ սահմանելու, ինչպես նաև դատաքննության կանխատեսելիությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ գործին մասնակցող անձը մինչև նախնական դատական նիստի ավարտը պարտավոր է առաջին ատյանի դատարանին ներկայացնել փորձագետի եզրակացության թույլատրելիության, արժանահավատության և հիմնավորվածության վերաբերյալ գրավոր առարկություն։
Որպես նորարություն քաղաքացիաիրավական վեճերի արագ ու արդյունավետ լուծման դաշտում հնարավորություն է նախատեսվում անչափահասի՝ որպես վկայի հարցաքննելը: Այս դեպքում, սակայն, առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք հանգում են հետևյալին.
- Տասնվեց տարեկան չդարձած վկային առաջին ատյանի դատարանը բացատրում է ցուցմունք տալու և միայն ճշմարտությունը հայտնելու կարևորությունը՝ առանց նախազգուշացնելու սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատաuխանատվության ենթարկվելու մաuին։
- Անչափահաս վկայի հարցաքննությանն առաջին ատյանի դատարանը ներգրավում է անչափահասի օրինական ներկայացուցչին, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների հարցաքննությանը` նաև մանկական հոգեբանի կամ մանկավարժի:
- Տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ գործին մասնակցող անձինք հեռացվում են դատական նիստերի դահլիճից, եթե ունեն ներկայացուցիչ և եթե նրանց մասնակցությունը կարող է ազդել վկայի ցուցմունքների վրա:
Մինչև նախնական դատական նիստի ավարտը գրավոր առարկություն չներկայացնելու դեպքում, գործին մասնակցող անձը չի կարող գործի հետագա քննության ընթացքում վիճարկել փորձագետի եզրակացության թույլատրելիությունը, արժանահավատությունը և հիմնավորվածությունը:
Որպես նոր ապացույցի տեսակ նախատեսվում է՝ գործին մասնակցող անձի` որպեu վկայի ցուցմունքը, ընդ որում վերջինս հարցաքննվում է վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով Նախագծի 68-րդ հոդվածի առանձնահատկությունները: Հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում է (խուսափում է) ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը (խուսափելը)ցուցմունք տալուց կամ պատասխանից, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք տալուց, համարել ապացուցված, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հարցերին պատասխանելը կարող է այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմք հանդիսանալ:
Միաժամանակ նախագծում կատարելագործվել են ապացուցման պարտականությունը (օրինակ՝ ժխտող անձի վրա չի կարող դրվել հակառակն ապացուցելու պարտականությունը), ապացույցի թույլատրելիության, վերաբերելիության, ապացույցների գնահատման կանոնները: Կատարելագործվել են ապացուցման կարիք չունեցող փաստերի շրջանակը:
Մասնավորապես նախագծով սահմանվել է, որ ապացուցման կարիք չունեն գործին մասնակցող անձի կողմից վկայակոչվող այն փաuտերը, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են: Որպես այդ նորմի բացառություն են սահմանվել այն դեպքերը, երբ`
- առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.
- այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով.
3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:
Նախագծում էական փոփոխություններ են կատարվել դատական ծախսերին վերաբերող գլխում: Գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքում դատական ծախսերին նվիրված գլուխը բաղկացած է ընդամենը 6 հոդվածից, ինչը բավարար չէ տվյալ բնագավառում ծագող հարցերը համապարփակ կարգավորելու համար:
Դատական ծախսերին վերաբերող գլխում լուրջ խնդիրների առկայության և այդ գլխի կատարելագործման անհրաժեշտության մասին է վկայում այն հանգամանքը, որ դեռևս 1999թ. մարտի 27-ին ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն ընդունել էր N 8 որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-73 հոդվածները և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառելու դատական պրակտիկայի մասին»: Տվյալ որոշմամբ ոչ ամբողջապես, սակայն մասնակիորեն փորձ էր կատարվել կարգավորել առկա խնդիրները:
Նախագծով հստակեցվել և ընդլայնվել է դատական ծախսերի կազմը, կատարելագործվել են հայցագինը որոշելու և պետական տուրքը գանձելու կանոնները: Մասնավորապես, սահմանվել է, որ հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը, իսկ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:
Նախագծով սահմանվել է նաև, որ գործի քննության ընթացքում հայցի առարկան փոփոխելու դեպքում պետական տուրքի գումարի չբավականացնող մասը, գանձվում է հայցի առարկան փոփոխելիս` փոփոխված հայցի առարկային համապատասխան, իսկ ավելացած մասը չի վերադարձվում:
Նախագծում մանրամասն անդրադարձ է կատարվել գործի քննությանը ներգրավված վկաների, փորձագետների և թարգմանիչների կրած դատական ծախսերի փոխհատուցման հարցին. սահմանվել են այդ ծախսերի չափը հաշվարկելու կարգը, ծախսերը փոխհատուցելու կարգը և ժամկետները:
Առանձին հոդվածով կանոնակարգվել է փաստաբանի խելամիտ վարձատրության ինստիտուտը: Նախագծով հստակեցվել է, մասնավորապես, այն, որ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաև փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները: Անդրադարձ է կատարվել նաև դատարանի կողմից փաստաբանի խելամիտ վարձատրության չափը որոշելու ինստիտուտին՝ ամրագրելով, որ փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից: Իսկ այն դեպքերում, երբ Հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, և դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա փաստաբանի խելամիտ վարձատրության հետ կապված ծախսերը՝ ողջամիտ չափով բռնագանձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, ում վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը:
Նախագծով սահմանվել են դատական ծախսերի բաշխման մանրամասն կանոններ: Հստակեցվել են ընդհանուր կանոններն այն մասին, թե դատական ծախսերը որ դեպքում ումից և ինչ չափով են ենթակա բռնագանձման (հայցի մասնակի բավարարում, գործի կարճում և այլն): Բացի դրանից, սահմանվել են նաև որոշակի բացառություններ այդ ընդհանուր կանոններից: Օրինակ՝ եթե գործը կարճվել է այն պատճառով, որ պատասխանողը գործի քննության ընթացքում կամավոր կատարել է հայցվորի պահանջները, ապա դատական ծախսերը ենթակա են բռնագանձման հենց պատասխանողից, այլ ոչ թե հայցվորից:
Նախագծում բավականաչափ անդրադարձ է կատարվել դատական ծանուցումներին և ծանուցագրերին վերաբերող գլխին: Մանրամասն սահմանվել են այն դեպքերը, երբ անձը քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով համարվում է պատշաճ ծանուցված՝ առանց ծանուցագիրը փաստացի ստանալու: Սահմանվել են նաև ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու հետևանքները. ծանուցագիրը ստանալուց հրաժարվելը հավաuարեցվում է այն հանձնված լինելուն։
Որպես ծանուցման լրացուցիչ եղանակ, սահմանվել է բջջային հեռախոսով ծանուցումը կատարելու հնարավորություն: Նախագծի համաձայն՝ դատավարության մասնակիցները դատարանին կարող են գրավոր ներկայացնել իրենց բջջային հեռախոսի համարը՝ խնդրելով դատարանին դատական ծանուցումը կատարել հեռախոսակապի միջոցով:
Սահմանվել է նաև դատական ծանուցման մեխանիզմ այն դեպքերի համար, երբ դատավարության մասնակիցը գտնվում է կալանավայրում, ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում կամ բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում: Նախագծի համաձայն՝ այդ դեպքում դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով: Այդ հաստատությունների վարչակազմերը դատական ծանուցագիրը ստանալուն պես պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը:
Որպես նորարարություն նախագծում նախատեսվել է նաև վերջին շրջանում զարգացած երկրներում կիրառվող պայմանագրային ծանուցման մեթոդիկան, սահմանվել է, թե ինչ ընթացակարգով է տեղի ունենում պայմանագրային ծանուցումը և երբ է այդ դեպքում անձը համարվում պատշաճ ծանուցված։ Մասնավորապես, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով ուղղակիորեն նախատեսվում է նման հնարավորություն, ծանուցման կարգը նախատեսվում է պայմանագրով:
Նախագծով էականորեն կատարելագործվել են դատական ակտերի կառուցվածքներին ներկայացվող պահանջները:
Հաշվի առնելով պարզեցված վարույթների կատարելագործման անհրաժեշտությունը, որը կնպաստի արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը, և ի կատարումն ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների» ցանկի հավելված 1-ի 7.8-րդ կետի ` նախագծում որոշակի փոփոխություններ են նախատեսվել պարզեցված վարույթների մեջ։
Մասնավորապես, նախագծում ավելացվել են երկու նոր պարզեցված վարույթներ։ Դրանք են պարզեցված վարույթը և հեռակա դատաքննությունը։
Նախագծում նախատեսված պարզեցված վարույթը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այդպիսին չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ։ Սույն կանոնը նախատեսում է նաև բացառություններ, որոնց առկայության դեպքում գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, դրանք են հանդիսանում՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց, որը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով.
3) առկա է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
4) ներկայացվել է խմբային հայց.
5) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր:
Դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են պարզեցված վարույթի գլխի դրույթներով:
Որպես նոր վարույթի տեսակ նախատեսվել է նաև հեռակա դատաքննությունը։ Հեռակա դատաքննությունը ևս ամրագրվել է առանձին գլխով։ Առաջին ատյանի դատարանը կարող է կիրառել հեռակա դատաքննություն հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:
Ինչ վերաբերվում է արագացված դատաքննությանը և վճարման կարգադրությունների վարույթներին, ապա այս վարույթները ևս էական փոփոխության են ենթարկվել։ Մասնավորապես, լրամշակվել են վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումին ներկայացվող պահանջները` դրանցում ընդգրկելով նաև դիմողի հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռող որոշակի տվյալները: Իսկ գործող դատավարական օրենքում օգտագործվող «պատասխանող» բառը փոխարինվել է առավել ընդունելի «պարտապան» բառով:
Լրամշակման են ենթարկվել նաև վճարման կարգադրություն արձակելը մերժելու համար հիմք հանդիսացող դեպքերը: Այսպես, ի տարբերություն գործող կարգավորումների, դրանց շարքում են ներառվել նաև հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, ինչպես նաև հայցն առանց քննության թողնելու հիմք հանդիսացող հանգամանքները և այն դեպքը, երբ առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն հիմքերով և միևնույն պահանջի մասին օրենքով սահմանված ժամկետում չբողոքարկված վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժման մասին որոշում:
Նախագծում առկա նորամուծություններից մեկն էլ այն է, որ վճարման կարգադրությունը արձակելը մերժելու մասին որոշումը դիտարկվել է որպես բողոքարկման ենթակա բացառապես պարտապանի կողմից՝ մեկ ամսվա ընթացքում սկսած այն օրվանից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ արձակված վճարման կարգադրության մասին:
Քննարկվող վարույթի շրջանակներում հստակեցվել են նաև այն դեպքերը, թե երբ է վճարման կարգադրությունը կորցնում իր ուժը և ինչպիսին է դրա դատավարական կարգը: Մասնավորապես, եթե ներկայումս վճարման կարգադրության վերացման միակ հիմք է դիտարկվում պարտապանի կողմից առարկություն ներկայացնելու դեպքը, ապա նախագծում որպես վճարման կարգադրության վերացման հիմք նախատեսվել են այն դեպքերը, երբ պարտապանը կատարել է վճարման կարգադրությունից բխող պահանջը, ինչպես նաև երբ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը հնարավոր չի եղել առաքել պարտապանին: Ընդ որում, սահմանվել է, որ վճարման կարգադրությունը վերացնելու մասին դատարանը կայացնում է որոշում` դրանով իսկ որոշակիացնելով դատարանի գործողությունները:
Արագացված դատաքննության վարույթներով հստակեցվել են արագացված դատաքննության կիրառման հիմքերը: Ըստ Նախագծի այդ հիմքերը յոթն են և հանգում են այն տրամաբանությանը, որ գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե`
1) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասի չափով.
2) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.
3) ներկայացվել է հաշվարկված և չվճարված աշխատավարձ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.
4) ներկայացվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումար բռնագանձելու վերաբերյալ պահանջ.
5) գործին մասնակցող անձինք գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանը իրենց չմասնակցելու մասին.
6) գործին մասնակցող անձինք գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ.
7) գործով ապացուցման առարկայի կազմի մեջ մտնող փաստերն անվիճելի են, և գործի լուծման համար դատարանի կողմից անհրաժեշտ է պարզել բացառապես իրավունքի հարցեր կամ պատասխանողն ընդունել է հայցապահանջները:
Նախագծում առանձնակի ուշադրություն է դարձվել նոր երևան եկած և նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի` որպես քաղաքացիական դատավարության բացառիկ փուլի համապարփակ իրավակարգավորումների ապահովման խնդրին: Ի տարբերություն ներկայիս` այն արդարացիորեն զետեղվել է վերաքննիչ և վճռաբեկ վարույթները կարգավորող բաժիններից հետո: Միևնույն ժամանակ, վերաքննիչ և վճռաբեկ վարույթների վերաբերյալ դրույթներից բացառվել են նոր երևան եկած և նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի հետ կապված դատավարական հարաբերությունները կարգավորող կանոնները` դրանով իսկ ընդգծելով նշված վարույթի ինքնուրույնությունը: Բացի այդ, խնդրի այս կերպ լուծման արդյունքում վերացվել է նաև նույն հարցի վերաբերյալ տարբեր վարույթները կարգավորող երկու դրույթների հնարավոր հակասությունների առաջացման հնարավորությունը:
Պետք է նշել, որ նախագծի` նոր երևան եկած և նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը կարգավորող բաժնի դրական կողմերը վերոհիշյալով չեն սպառվում: Ըստ էության պահպանելով գործող իրավակարգավորման տրամաբանությունը` նախագծում փորձ է կատարվել էլ ավելի կատարելագործել քննարկվող ինստիտուտը: Ընդ որում, այս նպատակի իրագործման համար հիմք է ընդունվել ոչ միայն ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը, այլև ուսումնասիրվել են միջազգային փորձը և դատավարագիտության մեջ ձևավորված մոտեցումները:
Մասնավորապես. նախագծում հստակեցվել են բողոք բերելու իրավասությամբ օժտված սուբյեկտների շրջանակը, քանի որ գործող կարգավորումների նույնիսկ համակարգային վերլուծությունը ոչ միշտ է հանգեցնում միանշանակ եզրակացությունների, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի ձևակերպումները, նպատակ ունենալով ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներում արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո բարձրացնել այս վարույթի կիրառելիության արդյունավետությունը, հանգեցրել են մեկ այլ ծայրահեղության: Խոսքը այն մասին է, որ դրանցում օգտագործվող «այն անձինք» արտահայտության տառացի մեկնաբանության դեպքում ստացվում է, որ անձը համապատասխան պայմանները բավարարելու դեպքում կարող է բերել դատական ակտը նոր երևան եկած և նոր հանգամանքներով վերանայելու մասին բողոք` անկախ նրանից հանդիսանում է տվյալ գործող գործին մասնակցող անձ, թե ոչ: Իսկ այս հանգամանքը, բնականաբար, չի կարող համատեղելի լինել քաղաքացիական դատավարության նպատակների հետ:
Նախագծում որոշակի փոփոխությունների են ենթարկվել դատական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր երևան եկած հանգամանքների շրջանակը: Այսպես, դրանց շարքից դուրս է բերվել դատարանի վճռի համար հիմք ծառայած դատական կամ վարչական ակտի վերացման հիմքը, քանի որ այն իր էությամբ չէր համապատասխանում «նոր երևան եկած հանգամանք» հասկացությանը, և այն շարադրվել է նոր հանգամանքների շարքում:
Բացի այդ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է քննարկվող վարույթի հարուցման տեսանկյունից կարևորվող ևս մեկ հիմք: Մասնավորապես, որպես այդպիսին հանդիսանում է դատական ակտի կայացման համար հիմք հանդիսացող գործարքի անվավեր ճանաչումը, որն էլ զետեղվել է նոր հանգամանքների շարքում:
Միևնույն ժամանակ, որպես նորամուծություն է հանդիսանում գործին մասնակցող անձի իրավահաջորդի կողմից բողոք բերելու ժամկետի հաշվարկման կանոնի ամրագրումը, քանի որ գործող դատավարական օրենքը որևէ հատուկ կանոն այս կապակցությամբ չի նախատեսում:
Որպես առաջարկվող իրավակարգավորման դրական կողմ կարելի է մատնանշել այն, որ հանվել է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով բողոք բերելիս այդ որոշումը կցելու պարտականությունը: Նման մոտեցման համար հիմք է ընդունվել այն պարզ իրողությունը, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը իրենից ներկայացնում է նորմատիվ իրակական ակտ, իսկ քաղաքացիական դատավարությունում գործում է դատավորի կողմից օրենքի պատշաճ իմացության կանխավարկածը (juranovitcuria):
Նախագծում նաև լուծում է տրվել այն հարցին, թե ինչ դատավարական գործողություններ պետք է կատարի դատարանը այն դեպքում, երբ բողոքը բերող անձը բողոքը ներկայացնում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից տասը տարին անցնելուց հետո: Բանը նրանում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը առանց որևէ վերապահման բացառում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամկետ լրանալու պայմաններում դատական ակտի վերանայում, բայց ևս չի նախատեսել նման բողոքների կապակցությամբ դատարանի կողմից կատարվելիք գործողությունները: Այդ իսկ պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ ձևավորած մոտեցումները, նախագծում քննարկվող դեպքը դիտարկվել է որպես բողոքի վերադարձման հիմք:
Օրենքով որպես հատուկ հայցային վարույթի տեսակ առաջարկվում է ընտանեկան գործերը: Ելնելով այդ գործերի առանձնահատկություններից՝ նախագծով առաջարկվում է, ի տարբերության գործերի քննության ընդհանուր կարգի, այդ գործերի հիմքում դնել ի պաշտոնե քննության մոդելը: Ընտանեկան գործերով հատուկ հայցային վարույթը համապատասխանեցվել է Ընտանեկան օրենսգրքի պահանջներին:
Նախագծով նախատեսվել է նաև խմբային հայցի վարույթը: Կոլեկտիվ հայցերի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերն ունեն մի շարք առավելություններ, քանի որ դրանք մեծ թվով անհատական պահանջներ միավորում են մեկ ներկայացուցչական քաղաքացիական գործում: Նման միավորումը կարող է բարձրացնել դատավարության արդյունավետությունը և նվազեցնել դատական ծախսերը: Իրավունքի և փաստերի նույն հարցերը ներառող գործերի դեպքում պահանջների միավորումը խմբային հայցում կարող է դատավարությունից դատավարություն նույն վկաների, իրեղեն ապացույցների և քննվող հարցերից խուսափելու հնարավորություն ընձեռել:
Խմբային հայցերի ընթացակարգի ներդրումը կարող է լուծել այն խնդիրը, որ փոքր չափերի հատուցումները որևէ անձի չեն շահագրգռում իր իրավունքների իրականացման համար առանձին հայց հարուցել: Կոլեկտիվ հայցը լուծում է այս խնդիրը` հավանական աննշան հատուցումների միավորումից ստանալով որևէ մեկի (սովորաբար փաստաբանի) աշխատանքին համարժեք գումար: Այլ կերպ ասած` կոլեկտիվ հայցն ապահովում է, որ պատասխանողը, ով լայնածավալ վնասի հանգեցնող գործողություններ է կատարում` յուրաքանչյուր անհատ հայցվորին դրանով պատճառելով փոքր չափի վնաս, այնուամենայնիվ, փոխհատուցի նրանց պատճառած վնասը: Հավանաբար փոխհատուցումից ավելի կարևոր է այն, որ պահանջների համատեղ քննությունը կարող է հանդիսանալ իրավախախտման առաջացրած ծախսերը հոգալու պարտավորությունը իրավախախտի վրա դնելու միակ եղանակը, ինչն իր հերթին կկանխի հետագա իրավախախտումները:
Խմբային հայցերի առանձնահատկություններից է հանդիսանում նաև այն, որ խմբային հայցով հայցվորներից մեկը կամ մի քանիսը (փոքրամասնությունը) զրկվում են դատարանի կողմից կայացրած դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից։ Այսինքն, խմբային հայցով դատական ակտի դեմ բողոքը կարող է ներկայացվել բոլոր հայցվորների անունից միայն։ Դա պայմանավորված է այն առանձնահատկությամբ, որ անձինք հարուցելով հայց՝ խմբի կազմով, պետք է գիտակցեն նաև ռիսկը (այդ թվում իրենց համար անբարենպաստ դատական ակտի տեսքով) և ինչ գործողություն էլ կատարվում է խմբային հայցվորների անունից, կատարվում է «մեկ միասնական օրգանիզմ» սկզբունքով։ Միևնույն ժամանակ խմբային հայցով սպառիչ է նաև խմբային հայցվորների ներկայացուցիչների ցանկը, ըստ որում, խմբային հայցով ներկայացուցիչներ կարող են լինել՝ տվյալ խմբային հայցի ցանկացած հայցվոր, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն կամ փաստաբան, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն:
Խմբային հայցերի ներդրման պահանջ նախատեսված է նաև ՀՀ Նախագահի 2009թ. ապրիլի 21-ի թիվ ՆԿ-59-Ն կարգադրությամբ հաստատված «Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրից բխող միջոցառումների» ցանկի 3.15-րդ կետով, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի միջոցառումների ցանկով:
Որպես առանձին վարույթներ մանրամասն կանոնակարգումներ են նախատեսվել երեք նոր վարույթներով, որոնք են՝
- արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու եվ օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման եվ հարկադիր կատարման վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները.
- ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու եվ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները.
- օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու եվ կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը:
Վերոնշյալ երեք վարույթներով նախատեսվել են նման վարույթ հարուցելու համար դիմումին և դրան կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դատարանի գործողությունները նշված վարույթների շրջանակներում:
Նախագծով կատարելագործվել է վերաքննության ինստիտուտը: Նախ և առաջ, հստակ սահմանվել է որոշումների այն սպառիչ ցանկը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Որպես այդպիսին՝ մասնավորապես սահմանվել են հայցի ապահովման (հակընդդեմ ապահովման) միջոց կիրառելու, հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու, հայցի ապահովման միջոցը վերացնելու կամ վերացնելը մերժելու մաuին որոշումները:
Որպես գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների ապահովման երաշխիք, սահմանվել է, որ վերջնական դատական ակտի հրապարակման ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցված գործին մաuնակցող անձինք իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն oրվանից uկuած` երեք ամuվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ դատական ակտի կայացման մաuին:
Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նկատառումով սահմանվել է վերաքննիչ բողոքի քննության գրավոր ընթացակարգի հնարավորությունը միջանկյալ դատական ակտերի դեմ:
Սահմանվել է վերաքննիչ բողոքի վարույթ ընդունումը մերժելու ինստիտուտ՝ այն դեպքերի համար, երբ բողոքում առկա թերությունները անվերացվելի են: Հակառակ դրան, նեղացվել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի շրջանակը:
Սահմանվել են վերաքննիչ դատարանում գործի քննության ժամկետները: Ելնելով գործն ըստ էության լուծող և չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքներով գործերի քննության էական տարբերություններից՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների համար սահմանվել է գործի քննության տարբերակվող կարգ. դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են առանց դատական նիuտ հրավիրելու։
Նախագծով սահմանվել և մանրամասնեցվել են այն դեպքերը, երբ վերաքննիչ դատարանն իրավունք է ստանում հետազոտել ապացույցներ և (կամ) ընդունել նոր ապացույցներ: Ապացույցների ընդունման հիմնական կանոնը այն է, որ գործին մասնակցող անձը կարողանա վերաքննիչ բողոքում հիմնավորել, որ վերաքննիչ դատարան ներկայացրած նոր ապացույցը իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դատարանին։ Ընդ որում նախագծի համապատասխան հոդվածի համատեքստում բացահայտվում է, թե երբ չի կարող ապացույցը համարվել առաջին ատյանի դատարան իր կամքից անկախ հանգամանքներում չներկայացված։
Սահմանվել են այն դեպքերը, երբ վերաքննիչ դատարանն իրավունք ունի դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից և բեկանել դատական ակտը. անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` վերաքննիչ դատարանը ստուգում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի առկայությունը, գործի վարույթը կարճելու և հայցն առանց քննության թողնելու հիմքերի առկայությունը: Բացի դրանից, լրամշակվել և ավելացվել են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը: Ըստ որում այդ հիմքերի շարքին են դասվում՝
1) դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ.
2) դատական ակտը ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կողմից.
3) դատական ակտը կայացրել է այն դատավորը, որը տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված չէ.
4) դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը.
5) ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:
Հստակեցվել են վերաքննիչ դատարանի կոնկրետ այս կամ այն լիազորությունների կիրառման իրավաչափության պայմանները և սահմանափակումները, օրինակ՝ վերաքննիչ դատարանը չի կարող կիրառել դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը, եթե եկել է այն եզրահանգման, որ դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան, սխալ է որոշել անվիճելի փաստերի շրջանակը կամ սխալ է բաշխել ապացուցման պարտականությունը:
Նախագծի առկա բարեփոխումների առավել կարևոր ուղղություններից մեկը դատական ակտերին ներկայացվող պահանջների վերանայումն է և դատական ակտի իրավական հիմնավորվածության սկզբունքի ապահովումը: Այս առումով, մանրամասնեցվել են վերաքննիչ դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները:
ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո ձևավորված դատական պրակտիկան ցույց է տվել, որ վերաքննիչ դատարանը, գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, զրկված է մի շարք էական նշանակություն ունեցող լիազորություններից (վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման իրավունք, դատական ծախսերի հարցը չլուծելու դեպքում լրացուցիչ դատական ակտ կայացնելու իրավունք և այլն): Նախագծում նաև լուծում է տրվել այս հարցերին:
Փոփոխությունների ու լրացումների կատարում է նախատեսվում նաև Նախագծին հարակից օրենքների փաթեթում խմբագրական խնդիրներ կանոնակարգելու, պետական տուրքի չափերը հստակեցնելու և նոր վարույթների համար պետական տուրք սահմանելու, ինչպես նաև սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված մոտեցումը պահպանելու համար:
Ակնկալվող արդյունքը.
Սույն նախագիծերն ընդունվելու դեպքում կկենսագործվեն «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի 01.07.2012թ. կարգադրությամբ նախատեսված քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղված միջոցները, կապահովվի դատավարությունում մրցակցության և գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքների կենսագործումը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործերի միատեսակ քննությունը:
Նախագծին կարող եք ծանոթանալ` այստեղ:
Իրավաբան.net