ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշումներ է ստորագրել:
Դրանցից մեկով՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի պարտավորությունների վերաբանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) են գործուղվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանը և կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը:
Մեկ այլ որոշմամբ՝ «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» 8-րդ նախարարական համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպվող Բնապահպանական քաղաքականության մեջ կանաչ մեխանիզմների ինտեգրումը և դրա գործնական իրականացումը Հարավային Կովկասում միջոցառմանը մասնակցելու նպատակով Վրաստան (Բաթումի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվում է բյուջեի հաշվին:
Հունիսի 8-10-ը Վրաստան էին մեկնել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, տեղակալ Խաչիկ Հակոբյանը և նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արթուր Դանիելյանը:
Բացի այդ, վարչապետը չեղյալ է ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 30-ի «Հայ-իրանական փորձագիտական-տեխնիկական հանձնաժողովի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մասին» N 439-Ա որոշումը:
Իրավաբան.net