ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը համաձայն է այն մտահոգության հետ, որ դատավորները լիարժեք ներգրավված չեն օրենսդրական դաշտի մշակման աշխատանքներում:
Իրավաբան.net-ի հետ զրույցում նա ասաց. «Ցավոք սրտի, ես պետք է համաձայնվեն այդ մտահոգության հետ: Իհարկե չի կարելի ասել, թե ամբողջությամբ ներգրավված չեն, բայց ես կարծում եմ, որ դատավորները պետք է շատ ավելի ակտիվ ներգրավված լինեն, հատկապես, որ այդ օրենսդրական կարգավորումը վերաբերում է իրենց բնագավառին: Այդ առումով, ես կարծում եմ՝ անելիքներ ունի և՛ Դատարանների նախագահների խորհուրդը, և՛ դատավորների ընդհանուր ժողովը, որը համարվում է դատավորների ինքնակառավարման բարձրագույն մարմինը»:
Քրեական պալատի նախագահը վստահեցրեց, որ նշյալ ժողովում այս հարցերը քննարկման առարկա կդառնան:
Նա նաև հիշեցրեց՝ երբ փաթեթները ներկայացվում են, քննարկվում են Դատական դեպարտամենտի շրջանակներում. «Դատավորների շրջանակը չի ընդգրկվում այդ գործընթացի մեջ»:
Մեր այն հարցին, թե ո՞րն է պատճառը, պարոն Ավետիսյանը պատասխանեց, որ այն շատ պարզ է. «Գործադիր իշխանությունն է զբաղվում օրենսդրական կարգավորմամբ և այն գործ ունի Դատական դեպարտամենտի հետ, որը նաև դատարանների գործադիր մարմինն է: Մինչդեռ, ես կարծում եմ, որ դատավորները պետք է դրան մասնակցություն ունենան»:
Առանձին դեպքերում դատավորներ ներգրավվում են օրենսդրության մշակման գործընթացին, սակայն մեր զրուցակցը դժվարացավ դրա արդյունավետության մասին դատողություններ անել. «Այս առումով, դատավորների միությունը կարող է լուրջ ազդակ հանդիսանալ, քննարկումներ կազմակերպել: Վերջին շրջանում փորձեց ներգրավվածություն ապահովել»,- ասաց նա:
Արդարադատության ակադեմիայում՝ որպես ռեկտոր առաջադրվելու գաղափարի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը լսել է լրատվամիջոցներից. «Որևէ մտադրություն ես չունեմ, ես էլ եմ լսել, որ մամուլում նման հրապարակումներ են եղել, բայց ինչն է հիմք հանդիսացել, ես չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Իսկ ի՞նչն է խանգարում նրան առաջադրվել. «Երևի որևէ բան չի խանգարում, բայց էտ ուղղությամբ անկեղծ ասած ես չեմ մտածել, այդ թերթի հրապարակումից հետո, անկեղծ ասաց, սկսեցի այդ ուղղությամբ մի թեթև մտածել»,- ժպտալով ասաց պարոն Ավետիսյանը:
Դատավորների՝ օրենսդրական դաշտում ներգրավվածության հարցը մշտապես բարձրաձայնվել է, սակայն վերջերս այն առավել սուր երանգներ դարձավ, երբ խնդրի մասին խոսեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Կենտրոն» դատարանի նախագահ. մենք չենք ուզում, որ դատական համակարգը փորձադաշտ լինի
Նրան նաև արձագանքեց Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը:
Ցավում եմ, որ Կենտրոն դատարանի նախագահը չի ծանոթացել Նախագծին ամբողջապես. Արսեն Մկրտչյան