ՀՀ Նախագահի 2016 թվականի մայիսի 23-ի և մայիսի 27-ի հրամանագրերի համաձայն` մի շարք դատավորներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից և նշանակվել մեկ այլ դատարանում՝ դատավորի պաշտոնում:
Մայիսի 30-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նորանշանակ դատավորներին ներկայացրել է համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ներկայացվել են Ալեքսանդր Ազարյանը և Ռուբիկ Մխիթարյանը, իսկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ Էդգար Սեդրակյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է նշված դատավորների մասնագիտական բարձր որակներն ու պատրաստվածությունը և նշել, որ այդ հատկանիշների շնորհիվ նրանք կշարունակեն պատշաճ կերպով իրականացնել դատավորի՝ իրենց պատասխանատու և շատ կարևոր առաքելությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ խնդիրներին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտից: