Հունիսի 1-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունենում և դանակահարված անձ կա:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 14-ին նշված խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1990 թ. ծնված Վահրամ Վերանյանը արգելափակել է «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի տաքսի ավտոմեքենայի ընթացքը և իջնելով ավտոմեքենայից՝ դանակով հարվածներ է հասցրել «Ֆորդ Ֆոկուս»-ը վարող Արսեն Խանամիրյանի (1968 թ. ծնված) որովայնի և կրծքավանդակի հատվածներին ու պատճառել մահ:
Ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ Վահրամ Վերանյանը ժամը 15.30-ին մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հաղորդում են ոստիկանությունից, իսկ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ դեպքի առթիվ 01.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 26-ամյա երիտասարդ։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net