Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ սկսեց Վահե Ավետյանի գործով դատաքննությունը: Սեպտեմբերի 13-ին նշանակված առաջին դատական նիստը հետաձգվել էր, քանի որ գործով մեղադրյալ Արման Խաչատրյանը փաստաբան չուներ: Այսօր, որպես Արման Խաչատրյանի պաշտպան գործում ներգրավվեց փաստաբան Ավագ Լալայանը: Վերջինս միջնորդություն ներկայացրեց դատարան` գործի քննությունը հետաձգելու և սույն գործով դատարանում եղած ամբողջական նյութերին ծանոթանալու համար: Դատավարական կողմերը չառարկեցին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին:
Նշենք նաև, որ նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, համաձայն որի դատական նիստերի դահլիճի առաջին շարքում նստած քաղաքացիական հագուստում թաքնված երիտասարդները ոստիկաններ են և խնդրեց դատարանին քննության առնել նշված հանգամանքը, քանի որ եթե շարքային քաղաքացիներ են դատավարությանը մասնակցում, այս դեպքում առաջին շարքում նստելու նախապատմությունը տրվի տուժողի ներկայացուցիչներին, նրանց բացակայության դեպքում` լրագրողներին: Դատարանը նշեց, որ այդ հարցի քննումը դատարանի պարտականությունների մեջ չի մտնում, և դա ներքին դիտարկում է փաստաբանի կողմից:
Տեղեկացնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Աղբյուրը` Իրավաբան.net