Կառավարության այսօրվա նիստին անսպասելի հանվեց կարևոր հարցերից մեկը, որը առնչվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերին: Նախագիծը պետք է ներկայացներ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Իրավական ակռով առաջարկվում է լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, կամ հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ հայտարարագրի ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու, կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ, ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար: Ընդ որում՝ առաջարկվող վարչական տույժերը սահմանված են ավելի մեղմից դեպի ավելի խիստը (նախազգուշացումից մինչև վարչական տուգանք):
Ի լրումն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` մշակվել է նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ` որպես հանցակազմ նախատեսելով բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը, ինչպես նաև այդպիսի հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը:
Երբ նախարար Արփինե Հովհաննիսյանը մոտեցավ ամբիոնին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հանել այս հարցը` նշելով, թե դեռ քննարկելու հարցեր կան:
Իրավաբան.net