Ներկայումս կառավարությունը համապատասխան կամք է դրսևորում. Կարեն Զադոյան

Ապրիլյան պատերազմի չորս օրերը հստակ ցույց տվեցին երկու հանգամանք: Գյումրիում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը` «Մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ:

Նախ ըստ նրա, այս պատերազմը ցույց տվեց, որ մեր ազգն ընդունակ է միասնաբար դիմագրավել հակառակորդին, մեր նոր սերունդը հերոսական է, բայց երկրորդ կարևոր հանգամանք նույնպես ջրի երես ելավ. «Դա կոռուպցիան էր, դրա տեսանելիությունն ու հասկանելիությունը ոչ միայն իշխանության, այլ նաև ժողովրդի կողմից: Կոռուպցիոն երևույթները եղել են, բայց դրանք երբեք արյան տեսք չեն ստացել: Ապրիլյան պատերազմի այս օրերին հստակ երևաց, որ այո, հասարակությունում այսօր խորը արմատներ է գցել այդ երևույթը»,- նշեց Կարեն Զադոյանը:

Ի՞նչ պետք է անել: Պարոն Զադոյանի խոսքերով՝ նախ հարկավոր է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը և քաղաքացիները բարձրաձայնեն խնդիրների մասին, երկրորդը յուրաքանչյուր պետության կողմից ռազմավարության մշակումն է:

Կարեն Զադոյանը կարծիք հայտնեց, որ նախորդ երկու հակակոռուպցիոն ռազմավարությունների արդյունքի մենք չենք ունեցել լուրջ նվաճումներ. «Ներկայումս կա նոր ռազմավարություն և միջոցառումների ծրագիր, ինչպես նաև 4 թիրախային ոլորտներ: Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում ոլորտում կոռուպցիոն ռիսկերին, այս գործողությւոնը սկսվեց նախորդ տարվա դեկտեմբերից, երբ մի հարկի տակ հավաքվեցին բիզնես ոլորտի ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակությունը և սկսեցին քննարկումները: Մաքսային ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր ու խնդիրներ: Շատ կարևոր է, որ ներկայումս կառավարությունը համապատասխան կամք է դրսևորում և դրա վկայությունն է նաև այսօրվա հանդիպումը, երբ համակարգի ներկայացուցիչները ներկա են և մեզ հետ փորձելու են բարձրացված խնդիրները քննարկել: Հետագայում այդ խնդիրները, որ մենք քարտեզագրենք, առաջարկելու ենք լուծել համատեղ աշխատանքային ձևաչափերով»,- շեշտեց նա:

Միջոցառումը կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել