Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է

Ճանապարահային ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ «168 ժամ» թերթի  «Սեքյուրիթի Դրիմի ակտերն աբսուրդի ժանրից են» հրապարակման կապակցությամբ: Պարզաբանման մեջ նշվում է.

«Հայտնում ենք, որ համաձայն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հետ 01.12.2013 թ. կնքված պայմանագրի, համապատասխան ծառայությունների մատուցման համար «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության ենթակա բաժինը սահմանվել է փաստացի գանձված գումարների 50 տոկոսի չափով և ոչ թե 70 տոկոս՝ ինչպես հոդվածում է նշված:

Ինչ վերաբերում է Երևանի Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկում ս/թ. ապրիլի 30-ին Լ. Հ.-ի կողմից վարվող «Ֆոլքսվագեն» մակնիշի 24 UU 884 համարանիշի ավտոմոբիլի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին, ապա կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ավտոմեքենան 30.04.2016 թ., ժամը 19:21-ին, նշված խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել կանգառն արգելված վայրում, ինչի համար վարորդի նկատմամբ կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1604530757 որոշումը:

Հարկ է նշել, որ տեսանյութում բացակայում է ճանապարհատրանսպորտային պատահարի դրվագը, բացի այդ, Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության բաժնին տրամադրված տեսանյութում, որտեղ ամրագրվել է նախքան իրավախախտումը նշված ավտոմոբիլի խաչմերուկ մուտք գործելու և ազատելու պահը, նույնպես տրանսպորտային միջոցների բախման պահը ակնհայտ արտացոլված չէ և պատահարի առաջացման մեխանիզմներն ու պատճառները պարզվել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության բաժնում կատարված քննության արդյունքներով, հետևաբար վարորդի նկատմամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշման հիմնավորվածությանը և օրինականությանը պետք է անդրադարձ կատարվի քննության ավարտից հետո՝ Ճանապարհային ոստիկանության նախաձեռնությամբ, քանի որ բացակայում է վարչական ակտի հասցեատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով բերված բողոքը:

Ճանապարհատրանսպորտային պատահարից անմիջապես հետո Լ. Հ.-ի կողմից Ֆեյսբուքում կատարված գրառմանը «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունն արձագանքել է և առաջարկել իր օգնությունը: Տվյալ պարագայում առնվազն անհասկանալի է մնում հոդվածի հեղինակի այն միտքը, որ նշված ընկերության աշխատակիցներին ճնշում են, որպեսզի տուգանք արձանագրեն ցանկացած ավտոմոբիլի, այդ թվում նաև վթարի պատճառով փողոցի մեջտեղում հայտնված ավտոմոբիլների վարորդների նկատմամբ:

Ինչ վերաբերում է «Դայհացու» մակնիշի 34 FF 316 համարանիշի ավտոմոբիլի վարորդի նկատմամբ 25.04.2016 թ. Երևանի Տերյան-Պուշկին փողոցների խաչմերուկում՝ արգելված վայրում կանգառ կատարելու համար կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշմանը, ապա իրավախախտման տեսանյութի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսանյութը ճանապարհատրանսպորտային պատահարի դրվագ չի պարունակում, ինչի պատճառով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1604508030 որոշումը: Ա. Ա.-ի 16.05.2016 թ. դիմումի հիման վրա Ճանապարհային ոստիկանության պետի 23.05.2016 թ. որոշմամբ նշված որոշումը բեկանվել է:

Կրկին ԶԼՄ ներկայացուցիչներին, ինչպես և մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում՝ բողոքներ, առաջարկություններ կամ մասնագիտական պարզաբանումների կարիք ունենալու դեպքում դիմել ՀՀ ոստիկանության լրատվության ծառայություն կամ Ճանապարհային ոստիկանություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել