ՀՔԾ-ն պատասխանում է Փաստաբանների պալատին

Երեկ գրել էինք, որ Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի գրասենյակում խուզարկություն ձեռնարկած քննիչների գործելաոճը: Այս առնչությամբ ՀՔԾ-ն պարազաբանում է տարածել, որում ասվում է.

«2016 թվականի մայիսի 23-ին լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի որոշումը փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից խուզարկություն կատարելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին: Ըստ որոշման՝ հանձնաժողովն ուսումնասիրելով փաստաբաններ Գևորգ Մկրտչյանի և Սուսաննա Սարգսյանի ներկայացրած նյութերը՝ որոշել է հանդես գալ հայտարարությամբ, որում թվարկել է իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս փաստաբանների անկախությունն ապահովելուն կոչված մի շարք հանրաճանաչ և երբևէ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից չվիճարկված իրավական երաշխիքներ: Ապա, հանձնաժողովը «դատապարտելով փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն ձեռնարկած պաշտոնատար անձանց գործելաոճը՝ ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորել է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց»:

Հատուկ քննչական ծառայությունը ցավով արձանագրում է, որ փաստաբանների իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր գործառույթներ իրականացնող հանձնաժողովը տուրք տալով ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավված փաստաբան Սուսաննա Սարգսյանի ամենևին ոչ փաստարկված հայտարարություններին, իրականության խեղաթյուրմամբ հանդես է եկել պաշտոնատար անձանց ուղղված անտեղի հորդորով:

Ըստ էության, հանձնաժողովի հրապարակած որոշման տեքստից իսկ բխում է, որ կոնկրետ քրեական գործով նախաքննությունը կատարող քննիչի գործողություններում դատապարտելի որևէ արարք առկա չէ: Շարադրված փաստական հանգամանքներից բխում է, որ Երևան քաղաքի Գայի պողոտա 2-րդ շենքի 136-րդ հասցեում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է 2016թ. մայիսի 16-ին: Տարածքը դիտարկվել է որպես գործով անցնող քաղաքացու հիմնադրած «Ագլա» առևտրային կազմակերպության գործունեության, այլ ոչ թե «Ալգա» փաստաբանական գրասենյակի գործունեության վայր: Դատարանի հիշյալ որոշումը ստանալու հաջորդ օրը՝ 2016թ. մայիսի 17-ին, փաստաբան Սուսաննա Սարգսյանը դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին՝ քրեական գործով որպես մեղադրյալի պաշտպան ներգրավվելու համար: 2016թ. մայիսի 19-ին քննիչն այցելել է Երևան քաղաքի Գայի պողոտա 2-րդ շենքի 136-րդ հասցե՝ դեռևս 16.05.2016թ. որոշման հիման վրա խուզարկություն կատարելու նպատակով: Տեղում առաջին անգամ տեղեկանալով, որ տարածքում գործունեություն է իրականացնում Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակը՝ չի կատարել խուզարկությունը:

Ակնհայտ է, որ պաշտոնատար անձանց կողմից հիշյալ հասցեում խուզարկության կատարումը նախաձեռնելիս՝ հայտնի չի եղել տարածքում փաստաբանական գրասենյակի գործունեության մասին, իսկ հայտնի դառնալուն պես այդ քննչական գործողությունը չի կատարվել: Նման պայմաններում առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի որոշման մեջ տեղ գտած «հորդորներն ու մեղադրանքները»:

Ելնելով վերոգրյալից, կոչ ենք անում ծառայության քննիչների գործողություններին իրականությանը չհամապատասխանող գնահատական տալուց, տարբեր տեսակի «ոգեշունչ» հորդորներով հանդես գալուց առաջ փորձել առնվազն գոնե նվազագույնս փաստարկել սեփական դիրքորոշումը, չվարկաբեկելով ՀՀ փաստաբանների պալատի որպես ծանրակշիռ կառույցի հեղինակությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել