Յուրաքանչյուր շաբաթ Եգիպտոսի իշխանությունները լրագրողների են ձերբակալում: Վերջին ձերբակալվածը լուսանկարիչ Ալի Աբդինն է, ով աշխատում է Էլ-Ֆաջր լրատվական կայքում: Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ անօրինական ցույցեր հրահրելու, երթևեկությունը խոչընդոտելու և կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար: Փոխանցում է The Guardian-ը:
Աբդինը, ով նաև հայտնի է Ալի Բեկա անվամբ, ձերբակալվել է Կահիրեում, ապրիլի 25-ին, այն ժամանակ, որբ փորձել է լուսաբանել Եգիպտոսի իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ցույցը՝ ի պատասխան իշխանությունների կողմից Սաուդյան Արաբիայի հետ կնքած գործարքի, որը նախատեսում էր Կարմիր ծովի երկու կղզիների վերահսկողությունը հանձնել նրան:
Մայիսի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ Էլ-Ֆաջր կայքի աշխատակիցները ցուցմունք են տվել հօգուտ Աբդինի՝ նշելով, որ ձերբակալության ժամանակ նա հանձնարարություն է կատարել: Սակայն այդ հանգամանքը ոչինչ չի փոխել: Նա անմիջապես դատապարտվել է ազատազրկման, սակայն վճիռը բողոքարկվել է, և բողոքը կքննվի մայիսի 21-ին:
Աբդինի ձերբակալման օրը ավելի քան 33 լրագրող է ձերբակալվել: Նրանցից շատերը ազատ են արձակվել: Սակայն «Լրագրողներն ընդդեմ խոշտանգումների» վերահսկողական խումբը հայտնել է, որ իրենք լրագրողների նկատմամբ բռնության 97 դեպք են արձանագրել՝ ներառյալ 46 ազատազրկման, 16 ծեծի ենթարկելու և 10 սարքավորումներ առգրավելու դեպքեր:
«Եգիպտոսի իշխանությունները շարունակում են պատժել լրագրողներին միայն լուրեր հրապարակելու համար, այնինչ ուղղակիորեն հերքում են, որ այս ձերբակալությունների պատճառը հենց լրագրողի մասնագիտությունն է»,_ հայտնել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի համակարգող Շերիֆ Մանսուրը:
Սակայն Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին՝ մայիսի 11–ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ հանդիպման ժամանակ հերքել է լրագրողների կամայական ձերբակալությունների մասին տեղեկությունը: Նա նշել է, որ նրանք ովքեր ձերբակալվել են, կամ շրջանցել են օրենքը, կամ էլ իրականացրել են բռնի գործողություններ: Շուքրին նաև հայտնել է, որ այն լրագրողները, ովքեր մասնակցել են ամսվա սկզբին տեղի ունեցած ցույցին, որը ուղղված էր Եգիպտոսի լրագրողական խմբավորման դեմ իշխանությունների ձեռնարկած արշավին, թաքցրել են Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին սպանելու կոչ անող մարդկանց:
Ի պատասխան, երկու իրավաբանները, ովքեր պաշտպանում են Յանաիր լրատվական կայքում աշխատող երկու ձերբակալված լրագրողներ Ամր Բադրի և Մահմուդ Ալ-Սակայի իրավունքերը, պնդում են, որ լրագրողները չեն մեղադրվել սպանության կոչ անելու մեջ: Նրանք ենթարկվել են 15-օրյա ազատազրկման մայիսի 5-ին ձերբակալվելուց հետո, և մեղադրվում են ենթադրաբար ցույցեր հրահրելու, ռեժիմը տապալելու փորձերի և հասարակական անդորրը խաթարող կեղծ լուրեր հրապարակելու մեջ:
Երկու լրագրողները, ովքեր ձերբակալման ժամանակ նստացույցի են մասնակցել, հերքում են բոլոր մեղադրանքները: Մայիսի 14-ին կայացած դատական նիստին քրեական դատարանը երկարաձգել է կալանքը ևս 15 օրով:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը