Երևան համայնքը, ի դեմս` Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, 11.02.2016 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Մառլեն Մարտիրոսյանի՝ քաղաքացուց հօգուտ ՀՀ պետական բյուջեի 407.682 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված «Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին>> թիվ 521345 տեղեկանքի համաձայն Մառլեն Անդրանիկի Մարտիրոսյանը 21.02.2011 թվականին հաշվառումից հանվել է մահվան կապակցությամբ:
Ուսումնասիրելով գործում առկա նյութերը՝ Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն) ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` հավասար չափով:…:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են դատարանում իրենց գործողություններով իրավունքներ իրականացնելու և պարտականություններ ստանձնելու ունակությամբ (դատավարական գործունակություն): Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար լրիվ ծավալով ծագում է`
1) տասնութ տարեկան դառնալու պահից.
2) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու պահից (էմանսիպացիա).
3) մինչև տասնութ տարին լրանալը` օրենքով սահմանված կարգով ամուսնանալու պահից։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:
Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ անձինք դատարաններում իրենց գործողություններով իրավունքներ իրականացնելու և պարտականություններ ստանձնելու համար պետք է օժտված լինեն դատավարական իրավունակությամբ, իսկ անձի իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:
Այսինքն, գործը քննությամբ բացահայտվել է, որ հայցն ի սկզբանե ներկայացվել է մահացած` իրավունակությունը դադարած անձի դեմ: Տվյալ դեպքում Դատարանը գտնում է, որ մահացած` իրավունակությունը դադարած անձի դեմ ներկայացված հայցադիմումը դատարանում քննության ենթակա չէ: Հետևաբար` առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 9-րդ կետերով սահմանված հիմքերը գործի վարույթը կարճելու համար:
Ուստի դատարանը որոշել է Ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Մառլեն Անդրանիկի Մարտիրոսյանի՝ նրանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 407.682 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործի վարույթը կարճել: