Կոռուպցիայի միջազգային զեկույցներով ԱԺ էր եկել պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա հարց ուղղելով կառավարությանը՝ նշեց.
«Կոռուպցիայի առումով առավել խոցելի է պետական համակարգը, դատական իշխանությունը, ոստիկանությունը, բոլոր բնագավառները: Մեր մոտ տարիներ շարունակ կոռուպցիայի համաթիվը մնում է շատ բարձր ու ոչ մի առաջընթաց: Շատ տեղերում մենք համարվում ենք բարձր ռիսկային երկիր: Էնտեղ շատ կոնկրետ առաջարկներ կան, ոչ թե ընդհանրական՝ պայքարել կոռուպցիայի դեմ և այլն, օրինակ՝ իշխանություններին խորհուրդ է տրվում հրատապ կարգով նախաձեռնել ապաքաղաքականացման գործընթաց հանրային համակարգում: Հարցս հետևայլն է՝ ինչն է պակասում կառավարությանը ռեալ կոնկրետ գործողություններ կատարի կոռուպցիայի դեմ պայքարի: Ես կարծում եմ՝ պետք է ցանկություն, լավ օրենք, իշխանական լծակ և ինֆորմացիա: Այս բոլորն էլ դուք ունեք, լրացուցիչ ի՞նչն է ձեզ պետք, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն ունենաք: Առնվազն այսպես ասեմ՝ եթե Հայաստանում 10 հարուստ մարդ կա, որ հարստացել են կոռուպցիայի միջոցով, առնվազն 5-ը այստեղ են, կամ ձեր շենքում են կամ այս շենքում են Հայաստանում ամենակոռումպացված մարդիկ»,- ասաց պատգամավորը:
Վարչապետը պատասխանեց. «Գիտեք՝ ի՞նչն է վատ, որ Դուք ուզում եք անպայման տեսախցիկների ու խոսափողների առջև, հակառակ դեպքում քննարկման պատրաստ չեք, դա է վատը, ես հայտարարել էի, որ հանդիպում եք ուզում առանց տեսախցիկների, դրա համար էլ խուսափում եք: Ես կոնկրետ առաջարկում եմ՝ եկեք միասին գործ անենք: Կոռուպցիոնեռներ բոլոր ժամանակներում եղել են, բոլոր երկրներում կան, ուղղակի տարբեր մակարդակի են: Ես բաց ասում եմ, եկեք քննարկենք: Դուք բոլորդ գիտեք, որ դա կախարդական փայտիկով չէ, որ խփենք ու վերջ տանք: Մենք այսօր կանգնած ենք մի լուրջ խնդրի առջև՝ բոլորս ասում ենք՝ կա մենաշնորհ, կոռուպցիա և այլն, բոլորս ասում ենք, բոլորս պետք է հասկանանք, որ մեկ տարով խնդիրները չենք լուծելու, առանց ժողովրդի, ՀԿ-ների և ՔՀԿ-ների, այդ խնդրին լուծում չենք տա»:
Արամ Մանուկյանը շարունակեց. «Կոնկրետության մասին եմ ասում, 4 դեպքով գրավոր դիմում ենք տվել դատախազություն՝ հանցագործության մասին, գազի հանձնաժողով, ամբողջ խմբակցությամբ գործերն ուղարկել ենք դատախազություն, 0 պատասխան, հոսանքի հետ կապված, ուղարկել ենք դատախազություն, որը երկար տարիներ ուսումնասիրել ենք, արձագանք՝ չկա և չի լինելու, սա է կոռուպցիան, մի քանի տարի առաջ մեկ առ մեկ գրեցինք այն պաշտոնյաների անունները, որոնց հայտարարագրերը չէր համապատասխանում, ոչինչ չեղավ, ամենաթարմը ասեմ՝ 80 քրեական գործ է հարուցվել ընտրությունների մասով, դրանցից որևէ մեկը կալանք, ձերբակալություն չի եղել: Իմ ասածը հետևյալն է՝ եթե մենք եղած գործերով, ուղարկում ենք ձեզ, ոչինչ չի լինում, ես գամ Ձեր նիստին մասնակցեմ, ի՞նչ»: