ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի անվտանգության աշխատակից Զոհրաբ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ գործընկերների հետ, կազմակերպված խմբով, հիշյալ ֆաբրիկայից կատարված խոշոր չափերով ոսկի պարունակող խտացված հանքանյութ գողանալու համար:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Զոհրաբ Ա.-ն, օգտագործելով իր աշխատանքային լիազորությունները, ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերով ոսկի պարունակող խտացաված հանքանյութի գաղտնի հափշտակություններ կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ֆաբրիկայի պաշտոնատար անձանց հետ, 2014 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ոսկու հանքանյութի հափշտակության նպատակով ստեղծված կազմակերպված խմբում:
Աշխատելով ֆաբրիկայի անվտանգության ստորաբաժանումում, Զոհրաբ Ա.-ի թողտվությամբ, ֆաբրիկայի տարածքի տեսախցիկներով դիտարկման ընթացքում նկատված առանձին ստորաբաժանումներից և գոտիներից հանցավոր խմբի կողմից կատարվող հափշտակությունները կանխելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել, իսկ հայտնաբերման վտանգի դեպքում՝ նրանց նախազգուշացնելու, ինչպես նաև խոչընդոտներ վերացնելու՝ անվտանգության այլ ծառայողների կողմից համապատասխան արտադրամասերում և դրանցում առկա սարքավորումներում փակցված կապարակնիքները հանելու եղանակով ոսկու պարունակությամբ խտանյութի հափշտակության համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ: Օգտվելով այդ պայմաններից՝ ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ, կազմակերպված խմբով, գլխավոր արտադրամասի տարբեր տեղամասերից գաղտնի հափշտակել են մեծ քանակությամբ ոսկու պարունակությամբ խտանյութ, որը վերամշակել, ձուլել, ստացել են խոշոր չափի ոսկու ձուլակտոր և վաճառել:
Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Զոհրաբ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ հիշյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 15 անձի:
Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: