ՃՈ-ն տուգանել էր տաքսի ծառայության տնօրներին, այն բանի համար, որ նրա վարորդներն անվճարունակ են

Հայկ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ճանապարհային ոստիկանության:

Դիմելով դատարան՝ հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Դաշյանը հայտնել է, որ պատասխանողի կողմից կայացված վարչական ակտը կազմվել է ոչ այն անձի նկատմամբ, որի նկատմամբ պետք է կազմվեր: Հայցվորը տվյալ իրավախախտումը չի կատարել, զանցառու և իրավախախտ չէ, օրենքով սահմանված կարգով առկա չեն ճանապարհային նշանները, պարզ չէ, թե ինչու է պատասխանատվության ենթարկվել հայցվորը, պատասխանողը խախտել է օրենքով սահմանված ժամկետները, ինչպես նաև օրինականության սկզբունքը: Հայտնել է նաև, որ վարչական ակտը վերադասությամբ բողոքարկվել է, սակայն մնացել է անփոփոխ:

Գտնում է նաև, որ պատասխանողը չի պահպանել օրենքի պահանջները, անձին պատասխանատվության է ենթարկել առանց իրավական հիմքի, ընդհանրապես տվյալ իրավախախտումը տեղի չի ունեցել, ինչպես նաև չի պահպանել օրենքով սահմանված ընթացակարգն ու ժամկետները:

Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, դատաքննությանն իր մասնակցությունը չի ապահովել և դիրքորոշում չի արտահայտել:

Այս գործով Ճանապարհային ոստիկանությունը վարչական պատասխանատվության էր ենթարկել տաքսի ծառայության տնօրենին միայն նրա համար, որ իր վարորդները անվճարունակ են և չեն կարող վճարել տուգանքները:

Գործը նախագահել է դատավոր Լիանա Հակոբյան: Դատարանը գտել է, որ իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով իրավախախտում կատարվելու դեպքում վարչական մարմինը կրում է վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու պարտականություն և վարչական մարմինը վարչական ակտի հասցեատիրոջ ընտրության հարցում չունի որևէ հայեցողություն:

Այնսպես դատարանը վճռել է Հայկ Ղազարյանի հայցն` ընդդեմ ՃՈ-ի, բավարարել: Անվավեր ճանաչել համապատասխան որոշումը:

ՃՈ-ից հօգուտ Հայկ Ղազարյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել