Հովհաննես Չամսարյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ճանապարհային ոստիկանության:
Հայցվորը ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ ՃՈ-ի կողմից 09.04.2015 թվականին ընդունված որոշման հիման վրա ինքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ վարչական պատասխանատվության։
Որոշման բովանդակությանը կայացնելու պահին չի ծանոթացել, ինչպես նաև հրաժարվել է այն ստանալ և խնդրել է որոշումը իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։
Որոշումը փոստային ծառայության միջոցով ստացել է 16.04.2015թ-ին։ Որոշումը չի բողոքարկել վերադասության կարգով։
Գտնում է, որ որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ այդ թվում օրենքի սխալ կիրառմամբ, հետևաբար այն անվավեր է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Որոշման մեջ նշված է, որ իբրև իր կողմից վարած մեքենայի սահմանված տեղում փակցված չի եղել տեխնիկական զննման կտրոն։ Հայցվորը պնդել է, թե նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իր կողմից 09.04.2015 թվականին վարած տրանսպորտային միջոցի դիմապակուն, տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանության կողմից կանգնեցվելու պահին ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված վայրում փակցված է եղել մեքենայի տեխնիկական զննման կտրոնը։
Պատասխանող ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Ըստ դատարանի՝ վեճի լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե արդյոք վարչական մարմինը հիմնավորել և ապացուցվել է հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու հանգամանքը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա» ենթակետի համաձայն տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է՝ եթե տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Նույն օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն՝ մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով և սոցիալիստական իրավագիտակցությամբ:
Այսպիսով, վկայակոչված իրավանորմերի և սույն գործով առկա փաստական հանգամանքների հաշվառմամբ՝ Դատարանը եզրակացնում է, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության տեսուչը 09.04.2015 թվականին Հովհաննես Չամսարյանի նկատմամբ իրականացված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով չի իրականացրել բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, բացի վերոնշյալը վարչական մարմինը իր որոշմամբ չի հիմնավորել իրավախախտում կատարելու հանգամանքը, ինչի արդյունքում Տեսուչն առանց հիմնավորելու իրավախախտման փաստը, կայացրել է անհիմն որոշում:
Ուստի դատարանը վճռել է Հովհաննես Չամսարյանի հայցն ընդդեմ ՃՈ-ի բավարարել, անվավեր ճանաչել վիճարկվող որոշումը, Ճանապարհային ոստիկանություն ծառայությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար: