Մայիսի 13-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության կազմակերպած «Անձնական տվյալների պաշտպանությունը և ուղղակի մարքեթինգը» թեմայով աշխատանքային քննարկում՝ The SecDev Foundation կազմակերպության աջակցությամբ: Հայտնում են արդարադատության նախարարությունից:
Աշխատաժողովի բանախոսներ ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը և վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը քննարկմանը ներկա պետական ու մասնավոր կազմակերպությունների մասնակիցներին ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում և Եվրամիությունում գործող ուղղակի մարքեթինգի օրենսդրական դաշտը և անցանկալի հաղորդագրություններից ու զանգերից սպառողների պաշտպանության մեխանիզմները:
Քննարկմանը մասնակցող բջջային կապի օպերատորների ներկայացուցիչները մանրամասնել են, որ գովազդային կամ այլ բնույթի ավտոմատացված հաղորդագրություններից բաժանորդների կողմից հրաժարվելու մեխանիզմներ առկա են: Սակայն այդօրինակ հաղորդագրությունների տարածման ծառայություններ մատուցում են նաև միջնորդավորված այլ կազմակերպություններ:
Վերոնշվածի առնչությամբ մասնակիցներին ներկայացվել է նաև ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության կայացրած Գովազդային նպատակներով անձնական հեռախոսահամարները օգտագործելու վերաբերյալ խորհրդատվական որոշումը, որն իր տեսակի մեջ առաջին քայլն էր ուղղված տվյալ ոլորտի կարգավորմանը:
Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձել են նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտի խնդիրներին և նախանշել հետագա անելիքները:
Իրավաբան.net