«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել ՊԲ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի ավագ հրաձիգ, շարքային Հարություն Սարիբեկի Բադալյանը:
Ապրիլի 2-ին ժամը 05:10-ի սահմաններում նա եղել է N մարտական դիրքի դիտորդ: Այդ ժամանակ նկատել է դիրքին մոտեցող հակառակորդի դիվերսիոն խմբին և զեկուցել դիրքի ավագ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանին: Հակառակորդի ականանետերի տեղատարափ կրակոցների տակ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանը, արագ կողմնորոշվելով ու առանց խուճապի մատնվելու, կազմակերպել է շրջանաձև պաշտպանություն ու դիրքի անձնակազմով մարտի բռնվել դիվերսանտների հետ: Շարքային Հ. Բադալյանը նկատելով գետնատնակին մոտեցած 2 դիվերսանտների, անմիջապես ոչնչացրել է նրանց, իսկ կրտսեր սերժանտ Ա.Աղասյանը նռնակով խոցել ու վիրավորել է խրամուղու պաշտպանիչ հողաթմբի (բրուստվեր) վրա հայտնված դիվերսանտ սպային, այնուհետև ինքնաձիգով ոչնչացրել, որից հետո քարշ տվել նրան գետնատնակի հարակից տարածքում սպանված մյուս 2 դիակների մոտ: