Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ կայացրեց մասնակի արդարացման դատավճիռ:
Մեղադրանք էր առաջադրվել Հասմիկ Գրիգորյանի, ով արդարացվեց և Էդուարդ Սարիբեկյանի նկատմամբ:
2014թ. մայիսի 6-ին ժամը 12:30-ին, Հրաչ Մանուկյանը իրեն ամրակցված «MAN TGA 41480F»մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արարատյան 95 հասցեում գործող «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության տարածքում բեռնաթափման վտանգավոր գոտում բանվոր` Վարդան Աշոտի Հովհաննիսյանի կանգնած լինելու պայմաններում կատարել է բեռնաթափում, որի հետևանքով ավտոմեքենայի բեռնահարթակը պոկվել է և ընկել Վարդան Հովհաննիսյանի վրա` անզգուշությամբ առաջացնելով նրա մահը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հասմիկ Գրիգորյանը, հանդիսանալով «ՀՄՄԺ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն և ունենալով Հ. Մանուկյանի աշխատանքի նկատմամբ անմիջական վերահսկողություն իրականացնելու լիազորություն, խախտել է տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է ընկերության բանվոր` Վարդան Հովհաննիսյանի մահը, այն է` Հ.Մանուկյանին չի հրահանգավորել աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության կանոնների և վտանգավոր գոտում մարդկանց գտնվելու պահին բեռնաթափում չիրականացնելու վերաբերյալ:
Էդուարդ Սարիբեկյանին հադիսանում է «Ապավեն Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության: Մեղադրանքի համաձայն նա ունենալով պարտականություն ստեղծել Վ.Հովհաննիսյանի աշխատանքի անվտանգ և արդյունավետ պայմաններ, չի կատարել պայմանագրով իր վրա դրված պարտականությունները: Այն է` ընկերության տարածքում բարձման-բեռնաթափման աշխատանքների կատարման տեղամասում չի տեղադրել անվտանգության նշաններ և թուլացրել է հսկողությունը աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ, պատշաճ չի կազմակերպել բեռնաթափման աշխատանքները Վ.Հովհաննիսյանի և վարորդ` Հրաչ Մանուկյանի հետ չի անցկացրել պատշաճ հրահանգավորում անվտանգության տեխնիկայի կանոնների ու հրահանգների պահպանման, վտանգավոր գոտում մարդկանց գտնվելու պահին բեռնաթափում չիրականացնելու և բեռի հնարավոր ընկնելու գոտուց անվտանգ վայրում կանգնելու վերաբերյալ:
Մեղադրող դատախազը միջնորդել էր Հասմիկ Գրիգորյանին 1 տարի և 6 ամսով ազատազրկել, Էդուարդ Սարիբեկյանին՝ 1 տարի:
Դատարանի վճռով Հասմիկ Գրիգորյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել է, իսկ Էդուարդ Սարիբեկյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է 1 տարի ազատազրկում և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական նշանակվեց 1 տարի փորձաշրջան:
Լուսանկարում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը